Ռ. Քոչարյան. Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առիթով: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ուշադրությամբ ծանոթացա «գործի» հրապարակված նյութերին և չկարողացա գտնել գլխավոր հարցի պատասխանը’ ինչ գործ ունեն ԱԱԾ-ն, դատախազությունն ու խորհրդարանը Ջոն Հանթսմանի, Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի բարիդրացիական հարաբերությունների հետ:

Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է’ երկրի վարկին հասցված բացասական հետևանքներով: Իսկ դա ամենևին էլ այն չէ, ինչի կարիքն այսօր Հայաստանն ունի: Վարդան Օսկանյանը ամենահաջողակ նախարարներից էր և իշխանության փորձությանը դիմացած հայ քաղաքակական գործիչներից մեկն է: Արդյունավետ ու ազնիվ էր ինչպես նախկինում’ իշխանության մեջ, այնպես էլ’ հիմա: Բացառիկ արդարամիտ է, և սա հազվադեպ որակ է մեր քաղաքական իրողություններում: Այդպիսի որակների և վաստակի համադրություն ունեցող մարդկանց պետք է փայփայել, այլ ոչ թե հետապնդել, թեկուզ հանուն սեփական հեղինակության: Առավել ևս, որ նա շատ լուրջ ընտրազանգված ունեցող կուսակցություն է ներկայացնում:

Այս ամբողջ պատմության անհեթեթությունը հիասթափեցնող է: Ցավում եմ կատարվածի համար և իմ համակրանքն ու աջակցությունը հայտնում Վարդան Օսկանյանին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում