Շնորհավոր ծնունդդ, Լեւոն
Նմանատիպ
Այսօր հայ մեծ շախմատիստ Լեւոն Արոնյանը նշում է իր ծննդյան տարեդարձը: Գրոսմայստերն այսօր դառնում է 30 տարեկան:
Լեւոնը ծնվել է ֆիզիկոս-բյուրեղագետ Գրիգորի Արոնովի եւ լեռնային ճարտարապետ Սեդա Արոնյանի ընտանիքում, 1982 թ. հոկտեմբերի 6-ին: Շախմատ խաղալ սովորել է ինը տարեկանում: Առաջին ուսուցիչը եղել իր իր քույրը՝ Լիլիթը: Մանկության տարիներին նրա մարզիչը եղել է ներկայումս գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը: Տարիներ անց նրան մոտ կես տարի մարզել է գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը, որի հետ պարապմունքների ժամանակ Արոնյանը յուրացրել է շախմատի բազմաթիվ նրբություններ:
1994-ին Հունգարիայի Սեգեդ քաղաքում դարձել է մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն: Այդ առաջնությունում նա իրենից հետ թողեց ապագա բարձրակարգ գրոսմայստերներ Էթիեն Բաքրոյին (Ֆրանսիա), Ռուսլան Պոնոմարյովին (Ուկրաինա), Ֆրանսիսկո Վալիեխոյին (Իսպանիա) և Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան): Այդ առաջնությունում հաղթելու համար Արոնյանին շնորհվեց ՖԻԴԵ-ի վարպետի կոչում:
Արոնյանը բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է:
1995-ին Փարիզում Արոնյանը հաղթեց մինչև 14 տարեկանների արագ շախմատի աշխարհի առաջնությունում: 1996-ին դարձավ միջազգային վարպետ: 1997-ին Արոնյանը նվաճեց «Կասպարովի գավաթը»: 1999-ին դարձավ Հայաստանի փոխչեմպիոն և ընդգրկվեց Հայաստանի հավաքականի կազմում, որը Բաթումում դարձավ Եվրոպայի չեմպիոն: 2000-ից միջազգային գրոսմայստեր է: 2002-ին Հնդկաստանում նա նվաճեց մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը:
2005-ի աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Բիլբաո–Մեծ սաղավարտի հաղթող, 2009-ի արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 2008-ի և 2009-ի Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002-ի Հայաստանի չեմպիոն: 2011-ին Մոնակոյում նա մասնակցեց «կույր» և արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին և դարձավ նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլևս չի անցկացվելու): Երկու տարի անընդմեջ’ 2005-ին և 2006-ին, մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ: 2012-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 2-րդ շախմատիստն է (2821):
Շնորհավորում ենք մեծ շախմատիստի ծննդյան տարեդարձը, ցանկանում ենք նորանոր ձեռքբերումներ կարիերայում եւ երջանկություն անձնական կյանքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում