Սննդաբանն առաջարկում է ամռանը ճիշտ սնվելու մի քանի կանոններ

Սննդաբանն առաջարկում է ամռանը ճիշտ սնվելու մի քանի կանոններ

Ամռանը, երբ շոգ է, մարսողական համակարգը աշխատում է ոչ այնպես, ինչպես ցանկալի է, ախորժակի նվազում է նկատվում, ծարավն ու սովը հագեցնելու առողջ տարբերակներ պետք է կիրառել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի քանի խորհուրդներ տվեց: Ովքեր չունեն առողջական խնդիրներ, ամռանը պետք է օգտագործվող ջրի քանակությունն ավելացնեն: 50 կիլիոգրամ քաշով մարդը պետք է խմի 1.5 լիտր ջուր սովորաբար, բայց ամռան ամիսներին նա պետք է օգտագործի մինչև 2.5 լիտր ջուր և այլ հեղուկներ: Նորմայում մեկ կիլոգրամին բաժին է ընկնում 30 մլ ջուր, ամռան ամիսներին այն պետք է ավելացնել մինչև 50 մլ:

Ջրին փոխարինող են տարբեր բանջարեղեններ: Ցանկալի է, որ դրանք օգտագործվեն սնունդ ընդունելու բոլոր դեպքերում` նախաճաշին, ճաշին ու ընթրիքին կամ դրանց արանքում: Օրինակ, գազար կամ վարունգ: Սննդաբանը խորհուրդ է տալիս բանջարեղենն ընդունել առանց աղի, հրաժարվել պահածոներից, որոնց մեջ կա թաքնված աղ, թթուներից:

Ջուր են պարունակում նաև մրգերն են ու հատապտուղները: Օրական 500 գրամից ավելի միրգ, սակայն, չպետք է ուտել: Դրանցում կան բնական շաքարներ, որոնք օրգանիզմը չի կարողանում մարսել, ավելորդ միրգը մեր մարսողական համակարգում դառնում է քացախ, հետո սպիրտ:
Սննդաբանը խորհուրդ է տալիս միրգն ուտել, ոչ թե այն փոխարինել հյութերով, մուրաբաներով:

Մրգերի ամենամեծ դրական հատկանիշներից մեկն այն է, որ միզամուղ են և օրգանիզմից դուրս են բերում հեղուկը: Որպես արդյունք` մարդիկ երեկոյան չեն ունենում այտուցված ոտքեր, ձեռքեր: Միզամուղ հատկությամբ օժտված են այն սննդամթերքները, որոնք պարունակում են կալիումի հանքային աղեր: Ի հակադրություն կալիումի` նատրիումը թույլ չի տալիս հեղուկի հեռացումն օրգանիզմից: Իսկ նատրիում է իր մեջ պարունակում աղը: Այդ պատճառով աղի ուտելիքներից հետո խմած հեղուկը դուրս չի գալիս օրգանիզմից: Կիլիումով ամենահարուստ պտուղներից է ծիրանը, ծիրանաչիրը, բանանը, ինչպես նաև կարտոֆիլը:

Մասնագետն առաջարկում է շաբաթվա մեջ մեկ օր օգտագործել միզամուղ հատկությամբ սննդամթերք ոտքերի այտուցներից խուսափելու համար: Այդ օրերին կարելի է առավոտյան ուտել մեկ հատ բանան, ցերեկը` խորոված կարտոֆիլ, երեկոյան էլ նմանատիպ այլ սննդամթերք:

Սննդաբանը խորհուրդ է տալիս ամռան ամիսներին հաճախ օգտագործել մածուն` վարունգի և սամիթի համադրությամբ: Սամիթը հայտնի է մարսողական բարձր հատկանիշներով: Մարդիկ, ովքեր գազերից են բողոքում, աղիքների ոչ լավ աշխատանքից, սամիթի օգտագործմամբ հնարավոր կլինի լավացնել մարսողությունը:

Գազով ըմպելիքներ, գումավոր ըմպելիքներ ընդհանրապես պետք չի օգտագործել շաքարի շատ մեծ պարունակության պատճառով: Մեկ բաժակ գունավոր գազավորված ըմպելիքում 8 թեյի գդալ շաքար կա, իսկ մեկ բաժակ խմելուց հետո մարդը հագենալու փոխարեն ցանկանում է երկրորդ, երրորդ բաժակները: Այդ հյութերը թաքնված շաքարների ամենամեծ աղբյուրն են: Շաքարների շատ օգտագործումը հատկապես երեխաների մոտ հետագայում բերում է շաքարային դիաբետի առաջացման վտանգի, հորմոնալ խանգարումների, ատամների կարիեսի առաջացման: Սրա փոխ արեն մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել տաք բուսային թեյեր, որոնք ամենահովացնող միջոցն են:

Պաղպաղակը լավագույն դեպքում պատրաստվում է կաթնամթերքից, որը պարունակում է կենդանական ճարպեր, վատագույն դեպքում` պաղպաղակը իր մեջ ներառում է բուսական յուղեր:

Պաղպաղակի բաղադրության մեջ կարևոր մասնաբաժին ունի շաքարը, որը կարող է շատ կամ քիչ լինել` կախված տեսակից: Եթե 100 գրամ պաղպաղակում մինչև 6-7 գրամ է շաքարը, նորմալ է, բայց միջինում մինչև 12 գրամ շաքար է պարունակում պաղպաղակը: Այն թաքնված շաքարի աղբյուր է, օրվա մեջ շաքար պարունակող մի սննդատեսակ պետք է մարդն օգտագործի` մեկ կտոր թխվածք, մեկ գդալ մուրաբա, մեկ պաղպաղակ, բայց մենք բոլորը միաժամանակ ենք օգատագործում, ինչը մեծ վտանգներ է ի հայտ բերում: Խորհուրդ է տրվում պաղպաղակը պատրաստել տանը եռացրած կաթից: Ոչ մի դեպքում չի թույլատրվում գնել լցնովի պաղպաղակ: Սննդաբանը խորհուրդ չի տալիս ուտել պաղպաղակ:

Գարեջուր և այլ ալկոհոլային ըմպելիքները խորհուրդ է տրվում ըմպել սահմանափակ, 70 կիլոգրամ կշռող մարդու օրգանիզմն օրական ի վիճակի է քայքայել, յուրացնել մեկ չափաբաժին ալկոհոլ, որը գարեջրի դեպքում 330 մլ, գինի` 150, վիսկի, օղի` 50: Ավելորդ ալկոհոլը ներծծվում է արյան մեջ, որն էլ հետագայում անդառնալի հետևանքներ է թողնում օրգանիզմի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում