Արամ Ավագյանն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց

Արամ Ավագյանն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց

Արամ Ավագյանի շնորհիվ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կծածանվի հայոց եռագույնը:

56 կգ քաշային հայ բռնցքամարտիկը, ով 2013 թվականին Եվրոպայի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ, այս անգամ էլ ձեռնունայն չի վերադառնա: ¼ եզրափակչում Արամը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց ռումինացի Նիկոլայ Անդրեիանայի նկատմամբ և դուրս գալով կիսաեզրափակիչ առնվազն ապահովեց բրոնզե մեդալը: Բացի այդ, հայ բռնցքամարտիկը նվաճեց Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր, որտեղ արդեն նժարին լինելու է ոչ միայն աշխարհի առաջնության մեդալ այլ նաև Օլիմպիական խաղերի ուղեգիր: Վաղն Արամ Ավագյանը կփորձի նվաճել եզրափակչի ուղեգիր: Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը անգլիացի Աշֆաք Քաիսն է:

Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճելուն մոտ էին նաև 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 75 կգ քաշային Արման Հովհիկյանը, սակայն նրանք ¼ եզրափակչում պարտություն կրեցին և դուրս մնացին մեդալների համար պայքարից: Այնուհանդերձ, մեր երեք բռնցքամարտիկներն էլ դեռևս հավակնում են աշխարհի առաջնության ուղեգրին. Եվրոպայի առաջնությունում խաղարկվում է աշխարհի առաջնության 6 ուղեգիր, եթե մեր մարզիկներին հաղթած բռնցքամարտիկները դուրս գան եզրափակիչ, ապա մերոնք կարժանանան աշխարհի առաջնության ուղեգրի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում