Բացահայտվել է ՀՀ-ում չգրանցված դեղերի ապօրինի ներմուծման և մեծածախ իրացման դեպք

Բացահայտվել է ՀՀ-ում չգրանցված դեղերի ապօրինի ներմուծման և մեծածախ իրացման դեպք

Առողջապահական պետական տեսչության կողմից հուլիսի 7-ին հարուցված վարչական վարույթի արդյունքում պարզվել է, որ «Վագա Ֆարմ» ՍՊԸ-ն, խախտելով ՀՀ կառավարության 2000թ. սեպտեմբերի 20-ի թիվ 581 որոշմամբ հաստատված գործող կարգը, ԵԱՏՄ տարածքից` Ռուսաստանի Դաշնության «Բուկաև.ռու» ՍՊԸ-ից, 2015թ. մայիսի 27-ին ՀՀ տարածք է ներմուծել մեծածախ քանակներով շուրջ 40 անվանում տարբեր դեղեր։ ՀՀ առողջապահության նախարարությունից սահմանված կարգով չի ստացել համապատասխանության հավաստագիր (ազատ շրջանառության համար թույլտվություն)։ Պարզվել է նաև, որ ներկրված դեղերից «Էնտերոլ» 250մգ դեղապատիճ N10, (սերիա թիվ 1487, 1507)-ը գրանցված չէ ՀՀ-ում, բացակայում է ՀՀ տարածք դեղերի օրինական ներմուծված սերիաների ցանկից և փաթեթը չի համապատասխանում ՀՀ-ում գրանցված տարբերակին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ-ում չգրանցված դեղ ներմուծելու, պահպանելու և իրացնելու համար «Վագա Ֆարմ» ՍՊԸ տնօրենը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 473-րդ հոդվածի 3-րդ մասով ենթարկել է վարչական տույժի: Տեսչության կողմից «Վագա Ֆարմ» ՍՊ ընկերությանը տրվել է նաև կարգադրագիր՝ ապօրինի ներկրված դեղերի մանրամեծածախ իրացումը անհապաղ դադարեցնելու, արդեն իրացված չգրանցված դեղերի հետ կանչ իրականացնելու, դրանք ոչնչացնելու կամ հետ արտահանելու, ներմուծման ժամանակ փորձաքննություն չանցած ներկրված դեղերը սահմանված կարգով ՀՀ ԱՆ փորձաքննության ներկայացնելու, խախտումները վերացնելու և իրավական ակտերի պահանջները մշտապես կատարելու համար:

Միջոցառումներ են իրականացվում նմանատիպ այլ ներմուծումները բացահայտելու և կանխելու ուղղությամբ:

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանված պահանջի համաձայն՝ դեղատները և դեղատնային կրպակներն իրավունք ունեն ձեռք բերել և վաճառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում