Ռուսաստանը թույլ չի տա Ադրբեջանին Հարավային Կովկասում սանձազերծել նոր պատերազմ. ադրբեջանագետ

Ռուսաստանը թույլ չի տա Ադրբեջանին Հարավային Կովկասում սանձազերծել նոր պատերազմ. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը համոզված է, որ Ռուսաստանը կտրուկ կարձագանքի, եթե Հարավային Կովկասում Ադրբեջանը սանձազերծի նոր պատերազմ: Նրա խոսքով` դա է վկայում նաև վերջերս ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու: Այս մասին ադրբեջանագետը հայտնեց սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Լավրովը փորձում էր Ադրբեջանի արկածախնդիր դիկտատորին հանդարտության կոչ անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ադրբեջանագետը:

Նրա խոսքով` վերջին երկու տասնամյակի ընթացքում Ադրեբջանն ամենաբարձր մակարդակով անընդհատ հայտարարել է պատերազմ վերսկսելու մասին, որին արդեն ադրբեջանցիները թերահավատորեն են մոտենում: «Հայաստանի Հանրապետությունում և Ղարաբաղում բոլորի համար դա սովորական բան է դարձել, մենք ամեն օր պատրաստ ենք պատերազմին, իսկ Ադրբեջանում այլ վիճակ է: Նրանց ղեկավարությունն այս տարիներին այնքան է խոսում պատերազմի վերսկսման մասին, որ Ադրբեջանի ժողովուրդն արդեն ալիևյան խոստումներին չի հավատում ու հիմա, երբ թեժ դրություն է սահմանին, նրանք իսկական ցայտնոտի մեջ են, քանի որ իրենք իսկ դադարել էին հավատալ իրենց նախագահին, որ պատերազմը երբևէ կսկսվի»,- նկատեց Գրիգորի Այվազյանը:

Ադրբեջանագետը վստահեցնում է, որ ունի հավաստի տեղեկություններ, ըստ որի` Բաքվում փնտրում են ապաստարաններ գտնելու հնարավորություններ: «Բացի այդ` ադրբեջանական հասարակության մեծ մասը` սկսած ղեկավարությունից, վերջացրած շարքային քաղաքացիներով, փորձում են լողալ սովորել, որպեսզի լողալով անցնեն Կասպից ծովն ու ապաստան գտնեն Միջին Ասիայում»,-նշեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում