«Առավոտ». Նրանք «եկվոր» չեն. խմբագրական

Արամ Աբրահամյանն «Առավոտի»  այսօրվա խմբագրականում գրել է. «Ես Վարդան Օսկանյանի գաղափարակիցը չեմ: Ավելին’ երբ նա, սկզբունքորեն’ արդարացիորեն, քննադատում է ներկա իշխանություններին’ ժողովրդավարության պակասի համար, ես չեմ կարող չհիշել, որ նա աշխատում էր մի վարչակազմում, որի ժամանակ ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը ավելի շատ էին ճնշվում, քան հիմա: Օրինակ’ հարցազրույցներից մեկում պարոն Օսկանյանը դժգոհում էր, որ որոշ հեռուստաընկերություններ միակողմանի են լուսաբանում իր խնդիրը: Իսկ նա կարո՞ղ է հիշել մի դեպք, երբ Քոչարյանի իշխանության օրոք որևէ հեռուստաընկերություն համանման դեպքում ներկայացներ իշխանության կողմից հետապնդվողի և նրա կողմնակիցների տեսակետը, ինչն այսօր շատերը ազատորեն անում են:
Այսքանով հանդերձ’ ես ցավ զգացի, երբ հանրապետականներից մեկը նախկին արտգործնախարարին «եկվոր» անվանեց: Ինձ թվում է’ դա սխալ է. 20 տարի Վարդան Օսկանյանը, Հրանտ Մարգարյանը, Հակոբ Ավետիքյանը, Ժիրայր Սեյֆիլյանը և շատ-շատ այլ հայտնի ու անհայտ նախկին սփյուռքահայեր մեր կողքին են: Մեզ կարող է դուր չգալ նրանց գործունեությունը, բայց պետբ է խոսել հենց այդ գործունեությունից, ոչ թե նրանց աչքը կոխել իրենց «եկվոր» լինելը: Ինչ-ինչ, բայց օտար չլինելու իրավունքը նրանք վաստակել են: Բացի այդ’ եթե խորը մտածեն’, մեզանից շատերն են եկվոր: Իմ ծնողներն, օրինակ, Խորհրդային Հայաստանի տարածքում չեն ծնվել: Ուրեմն ես է՞լ եմ ծագումով եկվոր:
Այսօր փողոցներում հաճախ տհաճ խոսակցություններ եմ լսում սիրիահայերի մասին: Որտեղի՞ց, ե՞րբ է առաջացել այդ հիմար մտայնությունը: Հակառակը’ պետբ է ուրախանալ, որ մեր երկիրը որոշ հանգամանքների բերումով գրավիչ է մարդկանց համար, որ ոչ միայն այստեղից են մարդիկ փախչում, այլև գալիս են Հայաստան: Այդ մարդկանց պետք է ընդունել բաց սրտով: Որովհետև ի տարբերություն նյութական արժեքների’ սերը, կիսվելով, չի բաժանվում’ այն բազմապատկվում է: Դրա մասին է, որքան հասկանում եմ, հինգ հազար հոգուն կերակրելու մասին աստվածաշնչյան առակը:
Ինձ համար, օրինակ, շատ ավելի օտար են այն մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով այստեղից գնացել են [դա դեռ ոչինչ’ ես նրանց դատավորը չեմ] և հիմա հեռվից մեզ’ այստեղ ապրողներիս բացատրում են, թե որքան վատն է Հայաստանում կյանքը: Հայրենիքում իրենց բացակայությունն արդարացնելու համար նրանք միտումնավոր մեծագույն հաճույքով կլանում են բացասական լրատվությունը Հայաստանից [որը, ցավոք, օբյեկտիվորեն շատ է], ավելացնում են, մոգոնում են իրենց սեփականը և լսել չեն ուզում որևէ դրական երևույթի մասին [որոնք թեև քիչ են, բայց կան]: Բայց եթե այդ մարդիկ վերադառնան Հայաստան, նրանք ինձ համար երբեք «եկվոր» չեն լինի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում