«Հայացք». Նոր մանրամասներ Մհերյանի սպանության գործով

Հավանաբար քչերը գիտեն, որ ամերիկահայ բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյանների նկատմամբ խարդախության համար պատիժը կրելուց հետո, այս ամռանը քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Գրիգոր Իգիթյանը: Խոսքն այն անձնավորության մասին է, որը որոշակի նախադրյալների, ցուցմունքների հիման վրա իրավապահների (և ոչ միայն) կողմից կասկածվում էր ու միգուցե հիմա էլ կասկածվում է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանությունը կատարելու մեջ: Ոստիկանության կոլեգիայի 2010 թ. փետրվարի 5-ի նիստում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Գ.Իգիթյանին նկատի ուներ հետևյալ հայտարարությամբ. «Հանցագործության բացահայտման ուղղությամբ ունենք որոշակի ձեռքբերումներ, անձնակազմն այդ մասին արդեն գիտի, պարբերաբար ես ներկայացնում եմ: Տարվում են ամենօրյա օպերատիվ աշխատանքներ, որոնք, համոզված եմ, այս տարվա ընթացքում կտան իրենց դրական արդյունքը»: Ոստիկանապետը հենց նրան նկատի ուներ’ 2010 թ. ապրիլի 14-ին մամուլի ասուլիսում հայտարարելով, որ կալանավայրերում գտնվող մարդիկ կան, որ թեև «Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով են կալանավորված, այնուամենայնիվ, առնչություն ունեն Գևորգ Մհերյանի սպանության հետ’ ըստ քրեական գործում տեղ գտած փաստարկների»:Եվ, ահա, այդ նույն Իգիթյանն ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց հանդես է եկել սենսացիոն հայտարարություններով լի պարզաբանմամբ, ըստ որի, ոստիկանության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր հնարքներով փորձել են հասնել նրան, որ ինքն իր վրա վերցնի Գ.Մհերյանի սպանությունը: Եթե Իգիթյանն իրոք ճիշտ է ասում, ապա, բնականաբար, հարց է առաջանում, թե ՀՀ ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներից մեկի այժմ արդեն նախկին պետ, ոստիկանության բարձրաստիճան սպա Արթուր Մարգարյանն ինչո՞ւ, ի՞նչ շահագրգռությամբ է գնացել այդ քայլին’ շատ լավ իմանալով, որ Գ.Իգիթյանին համոզելու և վերջինիս կողմից տվյալ հանցանքի կատարումն իր վրա վերցնելու դեպքում, ազատության մեջ կմնար փոխոստիկանապետի իրական սպանողը, թերևս նաև’ սպանության պատվիրատուն: Ավելին, ծառայելով ոստիկանության բոլորովին այլ, Մհերյանի սպանության գործի քննության հետ որևէ կապ չունեցող ստորաբաժնում, նա ինչո՞ւ է միջամուխ եղել այդ գործին: Հիշյալ հայտարարությունը կատարելուց առաջ Գ.Իգիթյանն ասել է. «Քանի որ հայտարարության մեջ հնչելու են մարդկանց անուններ և, ամենայն հավանականությամբ, նրանց կողմից կատարված իրավախախտումների մասին, և այդ մարդիկ հզոր ուժ են իրենցից ներկայացնում, ես կցանկանայի, որ, առաջին հերթին, ապահովեին այս հայտարարությունը հրապարակելուց հետո իմ և իմ ընտանիքի անվտանգությունը’ այն պատճառով, որ նման փորձեր եղել են, եղել է կյանքի սպառնալիք իմ նկատմամբ, իմ ընտանիքի նկատմամբ»:
Իգիթյանը պատմել է նաև, թե ինչպես Մհերյանի սպանությունից երևի մոտ 2 ժամ հետո երկու ոստիկան գալիս են իրենց տուն և իրեն տանում ՀՀ ոստիկանության գլխավոր շենք, գլխավոր մուտքով բարձրացնում ՀՀ ոստիկանապետի աշխատասենյակ (այդ ժամանակ Գ.Իգիթյանին խարդախության համար դատապարտող դատավճիռն արդեն կայացված էր), ուր իր եղբոր’ Խորեն Իգիթյանի ներկայությամբ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իրեն հարցնում է’ ի՞նչ կխմես… Ի դեպ, որքան տեղյակ է թերթը, Ա.Սարգսյանը քավոր-սանիկային հարաբերություններով կապված է Արթուր Մարգարյանի ընտանիքի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում