Սեպտեմբերի 11-ի ալիբին` աշխարհաքաղաքական նոր զարգացումների առիթ

Սեպտեմբերի 11-ի ալիբին` աշխարհաքաղաքական նոր զարգացումների առիթ

Շուրջ 14 տարի է անցել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից, սակայն ցայսօր քաղաքական, գիտական, լրատվական շրջանակները միանշանակ գնահատական չեն տալիս երևույթին, չկա համակարծություն կազմակերպիչների վերաբերյալ: Շրջանառվում են ամենատարբեր վարկածները, որոնց թվում է նաև, որ ահաբեկչության կազմակերպիչների հետևում կանգնած է հենց ամերիկյան կառավարությունը կամ ամերիկյան հայտնի և ազդեցիկ ընտանիքները, փորձում են այս երևույթը տեղավորել դավադրության տեսության շրջանակներում:

Պաշտոնական տեսակետը հետևյալն է: 2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները երկու ուղևորատար օդանավ ուղղեցին Նյու Յորքի համաշխարհային առևտրային կենտրոնի զույգ աշտարակների վրա: Այդ օրն առավոտյան, ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների, «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման 19 գրոհայիններ 4 օդանավ էին առևանգել, որոնցից երկուսն ուղղել էին նյույորքյան Մանհեթենի հարավային հատվածում տեղակայված զույգ աշտարակների վրա: Երրորդ օդանավն ուղղվել էր դեպի Պենտագոն, իսկ չորրորդը` ընկել Փենսիլվանիա նահանգում, երբ օդանավի ուղևորներն ու անձնակազմը փորձել էին ահաբեկիչների ձեռքից խլել օդանավի կառավարումը:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է մոտ 3.000 մարդ:

Ահաբեկչության կազմակերպման համար ԱՄՆ հատուկ ծառայությունները մեղադրեցին «Ալ-Կաիդա» խմբավորմանն ու անձամբ նրա ղեկավար Ուսամա բին Լադենին:
Գիտական շրջանակներում փորձում են հիմնավորել նաև այն վարկածը, որ 11.09-ը ձեռնտու էր հենց ամերիկյան իշխանություններին:

Այսպես, նշվում է, որ Խորհրդային միության փլուզումից հետո նոր ձևավորվող ամերիկյան ազգի համար չկար ընդհանուր թշնամու կերպարը, որը կոնսոլիդացնող նշանակություն ունի բազմաէթնիկության վրա հիմնված ամերրիկյան հասարակության համար: Համաձայն որոշ տեսաբանների, ամերիկյան կառավարությունը փորձեց ստեղծել համընդհանուր վտանգի զգացողությունը, որը համախմբման նոր ազդակ կտար ամերիկյան հասարակությանը, կձևավորեր ամերիկյան քաղաքացուն, ով համայն աշխարհում պետք է պայքարի արդարության վերականգնման համար: ԱՄՆ-ն փորձեց ստանձնել համաշխարհային ոստիկանի դերը, իսկ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը դարձավ պատրվակ` երկրի սահմաններից դուրս իրականացնելու բազմաթիվ ռազմական գործողություններ: Դրանցից առաջինը Աֆղանստանում էր:

2001 թվականի 11-սեպտեմբերյան դեպքի 19 կասկածյալներից ոչ մեկը աֆղան չէր: Նրանցից 15-ը Արաբիայի, 2-ը՝ Էմիրությունների, իսկ երկուսն էլ Եգիպտոսի ու Լիբանանի քաղաքացիություն ունեին: Աֆղանստանի կառավարությունը նույն ժամանակ Պակիստանում իր դեսպանության միջոցով հայտարարեց, որ ԱՄՆ-ն մինչ այժմ 11-սեպտեմբերյան դեպքին Բեն Լադենի մասնակցությունն ապացուցող որևէ փաստաթուղթ չի հրապարակել և այդ կառավարությունն էլ նման ապացույցներ չունի: Այդուհանդերձ Թալիբները երեք անգամ ԱՄՆ-ի կառավարությանը փոխանցեցին 11-սեպտեմբերյան դեպքի կապակցությամբ Օսամա Բեն Լադենին դատելու առաջարկը, որոնք մերժվեցին ԱՄՆ-ի կողմից և ի վերջո ԱՄՆ-ն 2001 թվականի հոկտեմբերի 7-ին սկսեց Աֆղանստանի դեմ հարձակումը: Հետագայում ամերիկյան ու աֆղան ուժերին պաշտպանելու նպատակով իրենց հատուկ ջոկատային զորայիններին Աֆղանստան գործուղեցին Բրիտանիան ու Ավստրալիան:

2002թ-ի հունվարի 29-ին ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը Կոնգրեսին հղած իր դիմումի մեջ Իրաքին, Իրանին և ԿԺԴՀ-ում իշխող ռեժիմներին բնութագրելու համար օգտագործեց «չարիքի առանցք» եզրույթը` մատնանշելով, որ հետագա պայքարն ուղղվելու է հենց այս պետությունների դեմ:

Եվ այս հայտարարությունից ընդամենը մեկ տարի անց 2003թ-ի մարտի 20-ին ԱՄՆ և դաշնակիցները ներխուժեցին Իրաք` տապալելու Սադամ Հուսեյնի վարչակարգը; Իսկ մինչ այդ ամերիկյան իշխանությունները փորձում էին ամեն կերպ ապացուցել, որ այդ այդ ռեժիմը վտանգ է ներկայացնում միջազգային հանրության համար: Իրաքը մեղադրվում էր ԶՈԶ-ի օգտագործման և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես` «Ալ-Կայիդայի» հետ համագործակցության մեջ: Չնայած, որ Սադամ Հուսեյնի հետ դեռևս 2006թ-ին հաշվեհարդար տեսան, սակայն պատերազմն Իրաքում ավարտվեց միայն 2011թ-ին: Իսկ մինչ այդ Մերձավոր Արևելքում տարածվել էր Արաբական գարնան տենդը, որը սկսվեց Թունիսում և դեռևս շարունակվում է Սիրիայում:
Իրան-ամերիկյան կարգավորվող հարաբերությունները նվազեցնում է հավանականությունը, որ Իրանը կարժանանա Իրաքի ճակատագրին:

Այսպիսով, սեպտեմբերի11-ը դարձավ այն շրջադարձային կետը, որն ալիբի ապահովեց ամերիկյան արտաքին ներխուժումների համար և որի հետևանքներն առ այսօր շարունակվում են:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում