Համացանցի զարգացման տեխնիկական հիմնախնդիրների լուծման, լոկալ կոնտակտների ստեղծման, ազգային տիրույթների զարգացման ու հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման տեսլականների մշակման հարցում կարևոր նշանակություն ունեցող RIPE NCC ընկերության տարածաշրջանային հանդիպումն առաջին անգամ կայացավ Հայաստանում: «Արմենպրես»- ի փոխանցմամբ` միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` հույս հայտնելով, որ առաջին անգամ անցկացվող համաժողովն իր ներդրումը կունենա Հայաստանում ոչ միայն համացանցի ենթակառուցվածքների զարգացման, անվտանգության, կապերի հաստատման, այլև ընդհանրապես ինտերնետ հանրության զարգացման հարցում: «ՀՀ կառավարությունն իր ուշադրության կենտորոնում է պահում այս ոլորտը, ոլորտի բոլոր խնդիրները քննարկվում ու լուծվում են շատ ավելի արագ ու արդյունավետ, քանի որ ինտերնետն այդ հնարավորությունը տալիս է: Ինտերնետն ինքնին մարդու կյանքի, Հայաստանի տնտեսության արդյունավետության բարձրացման կարևոր միջոցներից է: Որքան մենք արագ, արդյունավետ, ժամանակին ու հասցեագրված կարողանանք տեղեկատվությունը հասնել հասցեատիրոջը, ավելի արդյունավետ տնտեսություն կարող ենք ունենալ»,- նշեց էկոնոմիկայի նախարարը:
Ինտերնետի տեխնիկական զարգացման հարցերով զբաղվող RIPE NCC նիդեռլանդական ընկերության տնօրեն Ակսել Պավլիկը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար` նշելով, որ Հայաստանում նախկինում էլ տարբեր տեխնիկական դասընթացներ անցկացրել են, բայց տարածաշրջանային հանդիպումն առաջին անգամ է իրականանում: «Մենք այստեղ ենք հասկանալու կարիքները, որ ունեն ինտերնետ հանրությունը, ինտերնետ մատակարողները, հետևենք դրանց, փոխանցենք մեր լավագույն փորձը»,-հայտնեց մասնագետը` հավելելով, որ հանդիպման ընթացքում կ լինի ցանցերի մոնիտորինգի ու կառավարման դասընթաց, որի ժամանակ նշյալ կազմակերպության փորձագետները կներկայացնեն վերջին ձեռքբերումները: