Ինչու՞ Դավիդ դե Խեան երկարաձգեց պայմանագիրը

Ինչու՞ Դավիդ դե Խեան երկարաձգեց պայմանագիրը

Անընդհատ շրջանառվող լուրեր, խոստումներ, բանակցություններ, սկանդալ, բայց արդյունքում ոչինչ. Դավիդ դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող է:

Բոլորը վստահ էին, որ Դավիդը շատ աստղերի պես կհայտնվի «Ռեալում», սակայն ինչո՞ւ իսպանացին, ով Անգլիայից հեռանալու ակնհայտ ձգտում ուներ, որոշեց մնալ: Ամենաակներև պատասխանը գումարն է: Երկրորդ տարբերակն այն է, որ պայմանագիրը նրան ոչինչ չի պարտավորեցնում և ժամանակավոր բնույթ ունի:

Մինչև վերջերս դե Խեան շաբաթական 35.000 ֆունտ էր ստանում, իսկ հիմա, եթե հավատանք մամուլում շրջանառվող լուրերին, նրա աշխատավարձն բարձրացել է մինչև 200.000 ֆունտ: Սա նրան դարձրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը:  Գլխապտույտ առաջացնող աշխատավարձը միակ բանը չէ, որ կարող է Դավիդի համար շահավետ լինել: Նոր պայմանագիրը, իհարկե, լավ նորություն էր ակումբի համար, բայց դա չի նշանակում, որ դե Խեան երբեք չի հեռանա: Մեր օրերում պայմանագրի կետերում այնպիսի հնարքներ ու լրացումներ կան, որ նույնիսկ ֆուտբոլիստի հեռանալը կարող է երկու կողմերի՝ խաղացողի ու գործակալի համար շահեկան լինել: Ո՞վ է ասել, որ պայմանագրում չեն լինի «բոնուսներ հավատարմության համար», գնման արժեքից տոկոսներ կամ սովորական բոնուսներ պայմանագիրը երկարաձգելու համար: 

Շատերը սխալմամբ կարող են ենթադրել, որ նոր պայմանագիրը «Ռեալին» կարող է հետ պահել տաղանդավոր դարպասապահի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելուց: Այդպես չէ. միակ բանը, ինչի վրա կազդի պայմանագիրը, տրանսֆերի արժեքն է: Եթե Դավիդն ամեն դեպքում Մադրիդ տեղափոխվի, «Ռեալն» էլ ցանկանա նրան ընդունել, ապա ոչ մի բան չի կարող խոչընդոտել, որպեսզի գալիք ամռանը գործարքը կայանա: «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագրի հաշվին իրեն ավելի վստահ կզգա, բայց միակ բանը, որ «Ռեալը» պետք է անի, այնպիսի գումար առաջարկելն է, որ շահեկան լինի երկու կողմերին էլ: Լավ փոխհատուցումը «Մանչեսթեր Յունայթեդին» կհամոզի, որ ավելի հեշտ է մեկ այլ դարպասապահի գնել: Վերջապես որքա՞ն կարելի է ձգձգել այս պատմությունը: 

Կասկած չկա՝ եթե իսպանացու միակ նպատակն Իսպանիա տեղափոխվելն է, նոր պայմանագիրը լավագույն տարբերակը լինել չի կարող, սակայն, հայտնի անունները երբեք չեն տեղափոխվում պայմանագրի ավարտից հետո, և դա իր պատճառն ունի: Ֆուտբոլիստը, ով տեղափոխվում է մեծ գումարի դիմաց, գիտի, որ նրան հատուկ տոկոսներ ու բոնուսներ են տրվելու, իսկ եթե ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվում, նա և գործակալը զրկվում են գումարից:

Բացի այդ, պայմանագիրը չերկարաձգելու դեպքում վնասվածքների ժամանակ դե Խեան կզրկվեր ֆինանսական երաշխիքներից: Չի կարելի մոռանալ նաև սեփական արժեքի գիտակցման և ինքնագնահատականի բարձրացման մասին: Այս ամենի մասին հիանալի գիտեր «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ով կանխատեսում էր, որ դե Խեան նոր պայմանագիր է կնքելու: Հենց դրա համար էլ նա անվճար տեղափոխության դեպքում տարատեսակ բոնուսներ էր առաջարկում Դավիդին, սակայն չստացվեց:

Աշխատավարձի բարձրացումից մինչև խաղաժամանակ ստանալու երաշխիքներ… Կարելի է միլիոնավոր պատճառներ գտնել, թե ինչո՞ւ դե Խեան որոշեց, որ ավելի լավ է երկարաձգել պայմանագիրը: Նույնիսկ, եթե նա դեռևս մտածում է «Ռեալի» մասին, նոր պայմանագիրը շահեկան է թե՛ իր, թե՛ «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Հիմա դե Խեան ավելի շատ է վաստակում, հետ է բերել երկրպագուների սերը, և տրանսֆերի իրականացման դեպքում էլ պարկերով փող կստանա:

Բացի այդ, չմոռանանք, որ շուտով կմեկնարկի Եվրո 2016-ը, իսկ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն զգուշացրել էր՝ ակումբում խաղաժամանակ չստանալու դեպքում դե Խեան կարող է մոռանալ հավաքականի առաջին համարը լինելու մասին: Ո՞վ գիտի՝ գուցե «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն իր հերթին գործի է դրել խստությունն ու ասել. «Խաղաժամանա՞կ ես ուզում, երկարաձգի՛ր պայմանագիրդ»:

Այս պայմանագիրն ուղիղ անդրադարձ ունի ակումբի վարկանիշի վրա, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ցանկացած պոտենցիալ բանակցության դեպքում այլևս շտապողականության տարրեր չեն լինի: Հնարավոր է՝ գործադիր տնօրեն Վուդվորդն արդեն այսօր նոր առաջարկի է սպասում «Ռեալի» կողմից, որպեսզի պարզապես ասի.

«Եթե դուք կարծում էիք՝ 29 միլիոնը բավական էր այն ժամանակ, երբ պայմանագիրն ավարտին էր մոտենում, լավ մտածեք, թե հիմա որքա՞ն ստիպված կլինեք վճարել»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում