Իրավախախտների վարքը կարող է փոխվել, եթե ճիշտ գնահատվեն կարիքներն ու ռիսկերը (տեսանյութ)

Իրավախախտների վարքը կարող է փոխվել, եթե ճիշտ գնահատվեն կարիքներն ու ռիսկերը (տեսանյութ)

Պրոբացիոն ծառայության գաղափարը հետևյալն է՝ փորձել վերացնել  անձի, քաղաքացու  հանցագործություն  կատարելու   պատճառները, ոչ  թե  անընդհատ պատժել  նրան:

Այս մասին Times.am-ի    հետ զրույցում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արման Դանիելյանը: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է ստեղծել գնահատման լուրջ մեխանիզմներ՝ պարզելու յուրաքանչյուր դատապարտյալի ընկալումները:

«Կա երկու կոմպոնենտ՝ կարիք և ռիսկ: Առաջին դեպքում՝ եթե  անձը հանցագործություն է կատարում, որովհետև չունի մասնագիտություն և աշխատանք, չի կարողանում վաստակել, ապա պետք է  լուծել այդ խնդիրը, ոչ թե անընդհատ պատժել: Պետք է հասկանալ քրեածին կարիքները և շտկել դրանք: Երկրորդ՝ պետք է սահմանել անձի հանցագործության կատարման ռիսկայնությունը: Գնահատումը կատարվում է հարցաշարերի հիման վրա», – մանրամասնեց փորձագետը:

Վերջինն այս համատեքստում անդրադառնալով  սահմանադրական փոփոխություններին,  նկատեց, որ գործող Սահմանադրությունը պրոբացիոն ծառայության համար խոչընդոտներ չի ստեղծում,  բայց սահմանադրական փոփոխություններով խոստացվող  անկախ և նորմալ դատական համակարգի դեպքում միայն կարող ենք հաջողել  նաև պրոբացիոն ծառայության ներդրման գործում:

Իր հերթին Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է պրոբացիոն պիլոտային երկու ստորաբաժանում, իսկ առաջիկայում  կունենանք նաև համապատասխան օրենսդրություն և պիլոտային ծրագրի ժամանակ փորձարկված  դրույթները կմտնեն ուժի մեջ: Ինչ վերաբերում է միջազգային փորձի ընդօրինակմանը, Հայկ Խեմչյանն ասաց, որ եթե  պարզվի, որ դրանց մի մասը մեզ մոտ կիրառելի չեն, ապա չեն կիրառվի:

Արդեն  «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակում իրավախախտների գնահատման և վերականգնման վերաբերյալ կազմակերպված կլոր սեղան քննարկմանը Մեծ Բրիտանիայից ժամանած  փորձագետ Քրիս Ֆրոսթը մանրամասնեց  բրիտանական և միջազգային փորձը: Վերջինը նախ հիշեցրեց, որ  բանտարկյալների հետ վերականգնողական աշխատանքը սկզբում  եկեղեցու գործն էր, այնուհետ այն  դարձավ  գիտություն:

Քրիս Ֆրոսթն այն կարծիքին է, որ իրավախախտների վարքը կարող է փոխվել միջամտությունների դեպքում: Սրա համար նախ պետք է պարզել, թե ինչն է դրդում  անձին հանցագործություն կատարել. «Պատժի կրման ընթացքում պետք է արվեն հստակ քայլեր, դատապարտյալին փոխվելու հնարավորություն պիտի տրվի: Նախ պետք է լիարժեքորեն  իրավախախտի կարիքները գնահատվեն. եթե մարդ տառաճանաչ  չէ, նա  կարող է դիմել հանցագործության: Կան կանխատեսելի պատճառներ՝ միջավայր, դաստիարակություն, մանկություն, բայց կան նաև անկանխատեսելիները,  ուստի  կարիք և  ռիսկ  ասվածը չպետք է շփոթել»,– ասաց նա:

/disc/19-10-15/cf9a42e5c442968f768855166c8d2afe.jpg

Հանդիպմանը ներկա եվրոպական մի շարք երկրներում աշխատանքի փորձ ունեցող  դատափորձագիտական հոգեբան Քեթրին Քրիմըրն ասվածի հետ համաձայն է՝ եթե մարդ սոցիալական ճանապարհով իր խնդիրները չի կարողանում լուծել, ապա դիմում է հակասոցիալական քայլերի, պետք է ավելի շատ  կենտրոնանալ հանցածին գործոնների վրա՝ իր ո՞ր կարիքներն է ցանկացել լուծել՝ դիմելով այդ քայլին: Իսկ արդեն հասկանալուց հետո պետք է աշխատանք տանել դատապարտյալի հետ, որ նա երկրորդ անգամ չհայտնվի բանտում և ունենանք կրկնահանցագործության նվազում:

 

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում