ԱՄՆ-ում տուն չեն հրավիրում, իսկ այստեղ ամեն կողմից կանչում են`Լիզա, արի մի հատ սուրճ խմենք. Խաղաղության կորպուսի կամավոր (ֆոտո)

ԱՄՆ-ում տուն չեն հրավիրում, իսկ այստեղ ամեն կողմից կանչում են`Լիզա, արի մի հատ սուրճ խմենք. Խաղաղության կորպուսի կամավոր (ֆոտո)

Այսօր Երևանում տեղի ունեցավ ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսի 39 կամավորի երդման պաշտոնական արարողությունը: Նրանք նախ անգլերեն լեզվով արտասանեցին այն տեքստը, որն ինչպես նշվեց`  ընթերցել է դեսպան Միլսը և Նախագահ Օբաման: Այնուհետ հայալեզու խոստման տեքստ.

«Հանդիսավոր երդվում եմ` ծառայել հայ ժողովրդին:

Երդվում եմ կիսել իմ մշակույթը հայ ժողովրդի հետ բաց սրտով և բաց մտքով:

Երդվում եմ խթանել փոխըմբռնումը հայ ժողովրդի հետ` ստեղծարարությամբ, մշակութային ընկալմամբ և հարգանքով…»:

Խաղաղության կորպուսի կամավորները 12 շաբաթ տևած ուսումնական դասընթացի շրջանակում հայերեն են ուսումնասիրել և ծանոթացել հայկական մշակույթին։ Սա նշանակում է, որ արդեն պիտի մեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ երկու տարի կապրեն, կաշխատեն Խաղաղության կորպուսի երկու ծրագրի շրջանակում` անգլերենի ուսուցում և համայնքների ու երիտասարդության զարգացում։

Խմբում ընդգրկված 21-ից 76 տարեկան կամավորները պատկանում են տարբեր էթնիկ և ռասսայական խմբերի, ունեն տարբեր սոցիալ-տնտեսական կարգավիճակ:

Կամավորների երդումն ընդունած ԱՄՆ դեսպանը դիմելով նրանց հիշեցրեց, որ ՀՀ-ում գերտերություն են ներկայացնում, որ այն առաքելությունը, որ կատարելու են, նույնիսկ ավելին է, քան իրենց` դեսպանների կատարածը:

«Այստեղ դուք գերտերության ներկայացուցիչներ եք, բայց նաև պատիվ ունեք ժամանակավորապես ապրել այս ուժեղ երկրում։ Այս երկիրը հարուստ է մշակույթով, ողբերգական պատմությամբ, երկիր, որը կարողացել է գոյատևել Արևմուտքի և Արևելքի միջեւ չընդհատվող բախումների պայմաններում»,-ասաց նա:

/disc/12-11-15/c70dc9046389677a2df7d9f353313f11.jpg

Խաղաղության կորպուսն ունի երեք նպատակ` մասնագիտական օգնություն ցուցաբերել հյուրընկալող երկրին, օգնել հյուրընկալող երկրի ժողովրդին ավելի լավ ճանաչել ամերիկյան ժողովրդին և հակառակը:

/disc/12-11-15/900baada7095a12108d13b1b4774af35.jpg

ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Չարլզ Էնսիսոնն իր խոսքում հորդորեց, թե շատ մարդկանց անգլերեն ուսուցանելուց պակաս կարևոր չէ, թե քանիսի հետ ես հետագայում կապ հաստատում, քանիսին ճանաչելի դարձրեցիր երկիրդ, քանի ամերիկացու համար Հայաստանը, հայերին բացահայտեցիր:

«Ապրում եմ մի շատ լավ հայ ընտանիքի հետ Նորատուսում: Ես շատ ուրախ եմ: Հայերի մասին կարող եմ ասել, որ շատ հյուրասեր են: Հայաստանը շատ լավ երկիր է: Ես շատ կուզենամ, որ իմ ընտանիքը, ծանոթները գան Հայաստան և անձամբ համոզվեն, թե ինչ լավ երկիր է և ինչ լավն են հայերը»,-պատմում է արդեն մեկ տարի ՀՀ-ում կամավորական առաքելություն իրականացնող 26-ամյա Լիզա Բաթուսկին: Ի դեպ, այս ամենը հայերեն լեզվով, թեպետ այն իր համար շատ բարդ լեզու է:

/disc/12-11-15/40d3d801eaea34e90e674dcfb2d20894.jpg

Հայերի և ամերիկացիների տարբերությունից խոսելիս, Լիզը կրկնում է վերևում ասված միտքը. «Հայերենը շատ հյուրասեր են: Ամերիկայում մենք տուն չենք հրավիրում, իսկ այստեղ, երբ դուրս եմ գալիս մեր գյուղում շրջելու, ամեն կողմից կանչում են.

«Լիզա, արի մի հատ սուրճ խմենք, արի, արի»:

23-ամյա Մարիա Պաուլա Սեգուրան կամ ինչպես ընկերներն են անվանում` Մապին երկու ամիս առաջ է եկել Հայաստան: Շուտով Մապին կամավորական աշխատանքով կմեկնի Սևան և տեղի դպրոցում անգլերեն կդասավանդի:

/disc/12-11-15/6f7c890cb490a8d8d6d32f7b40cd849f.jpg

«Սիրում եմ տարբեր երկրների մշակույթներ, ինձ համար հետաքրքիր էր այցելել հինավուրց այս երկիրը: Շատ եմ սիրում Հայաստանը: Ֆլորիդայի բնությունն այսպիսին չէ, այստեղ սարեր կան, հարթավայրեր: Ամենից շատ հայ մարդկանց եմ սիրում, շատ հյուրասեր են, անհնար է նրանց չսիրել. բոլորն ուզում են մեզ համար մի լավ բան անել»,- ասում է Մապին և Times.am-ի հետ զրույցում ավելացնում. «Ինձ պատմել են խորովածի մասին, տարբեր մրգերի չրերի մասին: Ամենաշատը, որ այստեղ ինձ ասել են` կեր, նստիր, ջան, ապրես»:

Պաշտոնական միջոցառման ավարտին կամավորները կատարեցին «Էրեբունի-Երեւան» երգը և արդեն բեմահարթակից ներկայացրեցին Հայաստանի մասին իրենց տպավորությունները:

/disc/12-11-15/735e2ec4040a42312ea2baab62a34bbf.jpg

Խաղաղության կորպուսի կամավորների նոր խումբը կլրացնի Հայաստանի դպրոցներում, համալսարաններում և հասարակական կազմակերպություններում գործող կամավորների շարքերը և այդպիսիով՝ նրանց թիվը կհասնի մոտ 80-ի։

ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961-ին ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի կողմից։ Այդ ժամանակվանից ի վեր ավելի քան 200 հազար կամավոր է ծառայել աշխարհի139 երկրում, մասնավորապես ՀՀ-ում 1992-ից մինչ օրս` ավելի քան 950-ը:

Times.am-ը պարզեց, որ ԱՄՆ-ում եթե աշխատանքի ընդունելու խնդիր է լինում, ապա նախապատվությունը տրվում է կամավորական գործունեություն ծավալածին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում