Ագարակում բավականին հզոր շինության պատեր են պեղվել
Նմանատիպ
Արագածոտնի մարզի Ագարակ հնավայրի պեղումներից հնագիտական առումով մեծ սպասելիքներ կան: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն, Ագարակի պեղումների արշավախմբի ղեկավար Պավել Ավետիսյանը, աշխատանքներն ընթացքի մեջ են եւ իրականանում են բնականոն հունով:
«Բավականին հզոր շինության պատեր են արդեն բացվում, բայց դեռ վաղ է ասել, թե ինչ շինության պատ է դա: Վաղ բրոնզից մինչեւ երկաթի դարի բազմաթիվ բեկորներ ու վաղ բրոնզեդարյան արձանիկներ ենք պեղել այդտեղից»,-ասաց նա:
Ագարակն առաջին հնավայրն է, որտեղ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի հետ կապված պեղումներ են իրականացվում: «Հաջորդ տարի ճանապարհի շինարարության հետ կապված պեղումներ կընթանան նաեւ այլ ճանապարհամերձ հնավայրերում»,-ասաց նա:
Ագարակ հնավայրի մեծածավալ պեղումները սկսվել են 2001-ին: Պեղումների արդյունքերը թույլ են տալիս եզրակացնել, որ այս տարածքը բնակեցվել է մ.թ.ա. III հազազարամյակի առաջին քառորդից: Այստեղ խոշոր բնակատեղի է եղել նաև Երվանդունիների ու Արտաշեսյանների թագավորական հարստության օրոք: Դաշտային հնագիտական հետազոտությունները կատարվել են հուշարձանի հյուսիսային համալիրի առաջին հարթակում, որը մշակման ակնհայտ հետքերով տուֆի ժայռի հսկայական հրապարակ է: Այստեղ պահպանվել են կառույցների, ժայռի մեջ փորված և քարակոփ գերեզմանների, հնձանների, հորերի, թոնիրների, հատակների մնացորդներ, ինչպես նաև ակնհայտ կիրառական նշանակություն ունեցող փոսիկների, առվակների և այլ փորվածքների հետքեր:
Ագարակի վաղբրոնզեդարյան բնակավայրին են պատկանում ժայռերի վրա փորված համալիրների հորինվածքները: Հնագիտական դիտարկումները թույլ են տալիս ասելու, որ մ.թ.ա. III հազարամյակի առաջին քառորդում այս տարածքը եղել է հսկայական պաշտամունքային համալիր: 2004-ին այստեղ բացվել է վիմափոր դամբարան, որը կազմված է եղել նախամուտքից, մուտքից և սրահից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում