Ս.Սարգսյան. «Հույժ կարևոր է ԼՂՀ վերադարձը արցախյան հակամարտության կարգավորման գործընթաց»

ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի և Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի կողմից կազմակերպված «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ամենամյա միջազգային գիտական ֆորումին (նոյեմբերի 29-30, 2012) ընթերցվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Ուղերձն ընթերցել է ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ-ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:

Նշենք, որ նախօրեին Երևանում մեկնարկել է «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» երկօրյա միջազգային համաժողովը, որին մասնակցում են շուրջ երկու տասնյակ փորձագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից, Իրանից, Իսրայելից: 

Times.am-ը ներկայացնում է ուղերձն ամբողջությամբ.

«ՀՀ ՊՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Ողջունում եմ «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» միջազգային գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին ավանդական դարձած այս համաժողովի’ ամենամյա ֆորումի վերափոխման կապակցությամբ: Ֆորումի թեմայի կարևորությունը պայմանավորված է ինչպես տարածաշրջանի երկրների անվտանգության շահերով, այնպես էլ մասնակից մասնագետների և փորձագետների հեղինակությամբ:

Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները բարդ և դժվար կանխատեսելի են, գտնվում են տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժային կենտրոնների շահերի համադրման և մրցակցության ներքո: Այդ հանգամանքը տարածաշրջանի երկրների համար ստեղծում է ինչպես որոշակի մարտահրավերներ, այնպես էլ հավելյալ հնարավորություններ:

Հայաստանի արտաքին քաղաքականությունը խարսխված է գլոբալ և տարածաշրջանային դերակատարների հետ փոխշահավետ համագործակցության, փոխադարձ հարգանքի, շահերի համադրման սկզբունքի վրա: Մենք համոզված ենք, որ բաց սահմանները և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացումը կարող են մեծապես խթանել փոխադարձ վստահության և փոխըմբռնման միջավայրի ձևավորմանը, հետևաբար նաև քաղաքական խնդիրների լուծմանը: Մինչդեռ քաղաքականությունը, որը նպատակաուղղված է տարածաշրջանի պետությունների միջև բաժանարար գծերի ստեղծմանը, անխուսափելիորեն կհանգեցնի Հարավային Կովկասում անկայունության և անվստահության միջավայրի ստեղծմանը:

Տարածաշրջանի առջև ծառացած կարևորագույն մարտահրավերն են չկարգավորված հակամարտությունները, որոնք պահանջում են համապարփակ լուծում: Հայաստանը համոզված է, որ առկա հակամարտությունները կարող են լուծվել բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետության համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման միակ ընդունելի հարթակը Մինսկի խմբի ձևաչափն է: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ու կայունության հաստատմանը կարելի է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական անվտանգության և սեփական ճակատագիրը ինքնուրույն որոշելու իրավունքի երաշխավորված ապահովման դեպքում: Այս առումով հույժ կարևոր է ԼՂՀ վերադարձը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց:

Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրականացվող սպառազինությունների մրցավազքը, ռազմատենչ հայտարարությունները և պետական ամենաբարձր մակարդակով հայատյացության քարոզը, ինչի վերջին դրսևորումն էր քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի սպա Սաֆարովի հերոսացումը, լրջորեն սպառնում են ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ Հարավային Կովկասի անվտանգությանը: Ստեղծված պայմաններում Հայաստանը ստիպված է առանձնահատուկ ուշադրություն դարձնել իր պաշտպանական համակարգի բարեփոխման ու բարելավման վրա’ որպես Ադրբեջանի ռազմատենչ հավակնությունները զսպող և Հարավային Կովկասում կայունություն ապահովող գործոն:

2008 թվականին Հայաստանը նախաձեռնեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը’ որպես առաջին քայլ նպատակ ունենալով հաստատել դիվանագիտական հարաբերություններ և առանց նախապայմանների բացել սահմանները: Հայաստանը, ի տարբերություն Թուրքիայի, այսօր էլ հավատարիմ է մնում հարաբերությունների կարգավորման հիմքում դրված այդ սկզբունքներին:

Գիտակցելով պետական մակարդակով քաղաքականության մշակման և ռազմավարական որոշումների նախագծերի պատրաստման գործում փորձագիտական ներուժի ներգրավման կարևորությունը’ Հայաստանը բարձր է գնահատում Երևանում միջազգային հեղինակավոր վերլուծաբանների մասնակցությամբ տարածաշրջանային անվտանգության դինամիկային նվիրված ամենամյա միջազգային ֆորումի անցկացումը:

Տարածաշրջանային անվտանգության դինամիկային նվիրված ամենամյա միջազ-գային գիտական ֆորումին մաղթում եմ հաջողություններ և արդյունավետ աշխատանք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում