Արամի 30 և Աֆրիկյանների շենքերը ներառվելու են «Հին Երևան» նախագծում

Արամի 30 և Աֆրիկյանների շենքերը ներառվելու են «Հին Երևան» նախագծում

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը վստահեցնում է, որ Արամի 30 շենքը «Հին Երևան» նախագծի շրջանակում վերակագնվելու է: «Հանրության այդպիսի արձագանքի պայմաններում դիմել եմ «Հին Երևան» նախագծի տնօրենին, որպեսզի Արամի 30-ը վերականգնվի այնտեղ: Այն հուշարձանների ցանկում չի եղել, սակայն դրա չափագրությու ններն ունենք, և ըստ չափագրության՝ «Հին Երևան» տարածքում այդ շենքն անպայման կվերականգնվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ կան հուշարձաններ և ոչ հուշարձան շենքեր, բայց և՛ հուշարձանները պետք է պահպանվեն, և՛ ոչ հուշարձանները, որովհետև դրանք միասնական համալիր են:

Անդրադառնալով գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի մտահոգությանը, որ «Դոլմամայի» տարածքում գինեգործների համար կարևոր նշանակություն ունեցող նկուղներ կան, նախարարն ասաց, որ «Դոլմամայի» դիմաց՝ Աբովյան փողոցի անկյունում, կա ևս մեկ հուշարձան-շենք, որը նույն կառուցապատողինն է, և այնտեղ ևս կան նկուղներ, որոնք ամբողջությամբ պահպանվելու և զարգացվելու են: Նախարարը վստահեցրեց, որ այդ նկուղները ևս չեն քանդվելու։

Քաղաքաշինության նախարարը, խոսելով «Զվարթնոց» օդանավակայանի շենքի քանդման մասին, նշեց, որ աշխատում են ճարտարապետների հետ՝ այն պահպանելու համար: Սարգսյանի խոսքով՝ նման կառույցներ քանդելը պետք է լինի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ այլ տարբերակներ չկան։ Նարեկ Սարգսյանն ընդգծեց, որ այդպիսի անհրաժեշտություն էր Աֆրիկյանների շենքի պարագայում: Ըստ նրա՝ այն ևս ներառվելու է «Հին Երևան» նախագծում:

Ակնկալվում է, որ այս նախագիծը մեկնարկելու է 2016 թվականի ընթացքում: Այն գնահատվում է 150 մլն դոլար: Նախագիծն իրականացնելու է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում