Քաղաքական համագործակցություն նշանակում է պատասխանատվություն. Արփինե Հովհաննիսյանը՝ ՀՅԴ-ի հետ գործակցության մասին

Նմանատիպ
Քաղաքական համագործակցությունն առաջին հերթին նշանակում է պատասխանատվություն: Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար, հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին՝ ՀՅԴ-ն կոալիցիա մտնելուց հետո ի՞նչ պատասխանատվություն է ստանձնելու:
«Քաղաքական պատասխանատվություն նշանակում է հաջողությունները կիսելու, իսկ պարտությունները համատեղ կրելու պատրաստակամություն և քաջություն: Սա քաղաքական համագործակցության գլխավոր սկզբունքներից մեկն է: Իսկ թե ինչ պատասխանատվություն են նրանք ստանձնելու, կարծում եմ՝ այդ քաղաքական ուժի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ձեր հարցերին պատասխանելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հովհաննիսյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հավելեց, որ մյուս շաբաթվա ընթացքում կհրապարակվի երկու քաղաքական ուժերի միջև քաղաքական համագործակցության հուշագիրը, որտեղ մանրամասն ամեն ինչ գրված է: «Ես չեմ կարծում, որ ձեզ համար մեծ դժվարություն է հարգելի պարոն Ռուստամյանին կամ Աղվան Վարդանյանին հարցնել իրենց տեսլականի մասին: Ես կարծում եմ, որ նրանք բաց են, հրապարակային են և ասելու են, որ գալիս են ամբողջությամբ կիսելու պատասխանատվությունը և լուծելու այն խնդիրները, որոնք ծառացած են Հայաստանի առջև: Իսկ մնացածի մասին՝ հաջորդ շաբաթ»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում