Իրանի հետ տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության քննարկումները գործնական փուլ տեղափոխել. Վարչապետ

Իրանի հետ տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության քննարկումները գործնական փուլ տեղափոխել. Վարչապետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Գագիկ Բեգլարյանը տեղեկացրել է, որ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պահպանման ծրագրով  իրականացվել են  5,9 մլրդ դրամի աշխատանքներ, այդ թվում՝  3464.5 կմ ձմեռային և 2978.9 կմ ամառային ճանապարհների պահպանման աշխատանքներ: Կատարվել է 1720 կմ երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների առանձին հարվածների ծածկի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, ավարտվել է ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների ցանցի տեսաձայնագրությունը և այլն:

Գ. Բեգլարյանը նշել է, որ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով` շուրջ 3.2 մլրդ դրամի հաշվին, իրականացվել են 43.09 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, այդ թվում՝ շահագործման է հանձնվել  3.2 կմ երկարությամբ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհը: Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանք­ների իրականացման նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրվել է 5,24 մլրդ դրամ:  Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ենթածրագրի շրջանակներ ում 2015թ. կնքվել է 1,0 մլրդ դրամ ընդհանուր արժեքով Դիլիջանի թունելի հիմնանորոգման պայմանագիրը. արդեն սկսվել են աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2016-2017թթ:

Նախարարի խոսքով՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում  նախատեսվում էր իրականացնել շուրջ 97 կմ երկարությամբ ճանապարհահատվածների վերանորոգում:  Ծրագրի իրականացման ընթացքում առաջացած տնտեսումների հաշվին կհիմնանորոգվեն ևս 38 կմ երկարությամբ լրացուցիչ ճանապարհահատվածներ:

Անդրադառնալով «Հյուսիս հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրին, նախարար Բեգլարյանը հայտնել է, որ ՀՀ նախագահի մասնակցությամբ 2015թ դեկտեմբերի 29-ին բացվել է ծրագրի Տրանշ 1-ի՝ շուրջ 31կմ երկարությամբ Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածի երկկողմանի երթևեկությունը: Տրանշ 3-ի շրջանակներում կառուցվելիք Լանջիկ-Գյումրի 27,5կմ հատվածի շինարարության տեխնիկական վերահսկող կազմակերպություն է ընտրվել Իտալական կոնսորցումը, իսկ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը կիրականացնի կառուցման աշխատանքները: Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների համար հայտարարվել է միջազգային մրցույթ, արդյունքներն ամփովել են, պայմանագիրը կնքման փուլում է:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ վարկային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերը գերակատարվել են՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր 1-ին Տրանշով՝ 2 մլրդ դրամով, և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրով՝ 8 մլրդ դրամով: 2015թ  ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 944.8 մլն դրամ տուրք և ոչ հարկային եկամուտներ պլանավորված  712.6 մլն  դրամի  դիմաց:  Նշվել է , որ միջպետական 22 երթուղիների սպասարկման համար հայտարարվել է մրցույթ, իսկ երթուղիների սպասարկման համար 27 օտարերկրյա փոխադրողներին տրվել են 81 թույլտվություններ:

Վարչապետ Աբրահամյանը  դրական է գնահատել տրասնպորտի և կապի  նախարարության աշխատանքը և նշել, որ բավականին մեծ աշխատանք է կատարվել տարբեր ուղղություններով, այդ թվում՝  պետական, միջպետական և համայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման, գյուղական բնակավայրերում տրանսպորտի կազմակերպման: Կարևորելով Իրանի հետ տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը,  գործադիրի ղեկավարը հանձնարարել է ակտիվացնել քննարկումները դրանք գործնական փուլ տեղափոխելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում