Ասադը Սիրիայում խորհրդարանական ընտրությունները նշանակել է ապրիլի 13-ին

Ասադը Սիրիայում խորհրդարանական ընտրությունները նշանակել է ապրիլի 13-ին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացումը նշանակել է ապրիլի 13-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:

Համապատասխան հրամանագիրը, ինչպես նշում է SANA գործակալությունը, Արաբական Հանրապետության ղեկավարն ստորագրել է փետրվարի 22-ին:

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչ Ռիյադ Նաասան Աղան իր հերթին հայտարարել է քաղաքացիական պատերազմի ճիրաններում գտնվող երկրում ընտրությունների անցկացման անհնարինության մասին: «Ասադի այդ քայլը վկայում է, որ նա չի մտածում հրադադարի մասին, որը, ինչպես պլանավորվում է, պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 27-ին, եւ քաղաքական կարգավորման մասին»,- նրա խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ը:

Ընտրությունների ամսաթվի նշանակման վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել է փետրվարի 22-ին այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման համաձայնության են հասել Սիրիայում հրադադարի հաստատման շուրջ:

Նախորդ խորհրդարանական ընտրությունները կայացել են 2012 թվականի մայիսին, այն ժամանակ ընտրողների մասնակցությունը կազմել է 51 տոկոս: Քվեարկությունն անցկացվել է նոր Սահմանադրությանը համապատասխան, որն ընդունվել է նույն տարվա փետրվարի 27-ին կայացած հանրաքվեի արդյունքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում