«ՉուխաջյանՖԵՍՏ» կոմպոզիտորական փառատոնի հաջորդ համերգը կլինի Վարդան Աճեմյանին նվիրված

«ՉուխաջյանՖԵՍՏ» Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում սույն թվականի դեկտեմբերի 14-ին’ ժամը 19:30, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի հեղինակային երեկոն:

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի Վ. Աճեմյանի լարային նվագախմբի համար թիվ 3 Սիմֆոնիան, ֆլեյտայի և կամերային նվագախմբի համար Կոնցերտը, «Հնչյունի թատրոն» կոնցերտային պոեմը, ալտ սաքսոֆոնի, դաշնամուրի և լարային նվագախմբի համար «Արկածներ»-ը: Ընդ որում միջոցառումը հարուստ կլինի պրեմիերաներով’ ինչպես համաշխարհային, այնպես էլ հայաստանյան: Որպես մենակատարներ հանդես կգան Գևորգ Ավետիսյանը (ֆլեյտա), Արուս Աճեմյանը (դաշնամուր), Արմեն Հյուսնունցը (ալտ սաքսոֆոն):

Հիշեցնենք, որ հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը անց է կացվում 2010թ-ից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը:

Այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի հասույթի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում