Պաշտպանության նախարարը հստակ պահանջ է առաջադրել՝ խստագույնս պահպանելու օրինականության և արդարության սկզբունքները զորակոչի գործընթացում

Աշնանային զորակոչին արդեն իսկ մի քանի հազար երիտասարդներ զորակոչվել ու նվիրական ծառայության են անցել ՀՀ զինված ուժերում: Այս մասին նշվում է ՀՀ Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի տարածած հաղորդագրությունում:

«Պաշտպանության նախարարը հստակ պահանջ է առաջադրել բոլոր պատասխանատուներին խստագույնս պահպանելու օրինականության և արդարության սկզբունքները զորակոչի գործընթացում: Հետևողական քայլեր են արվում զորակոչից զորակոչ բացասական երևույթները չեզոքացնելու, անարդարության, հովանավորչության ու կաշառքի սողանցքները փակելու, շահադիտական նկրտումներից գործընթացը զերծ պահելու ուղղությամբ:

Հասարակական խորհուրդը տեղեկանում է փաստերի, որոնք վկայում են ինչպես ձեռնարկված միջոցառումների արդյունավետության, այնպես էլ հասարակության շրջանում դրանց դրական ընկալման մասին: Սակայն կան բախտախնդիրներ, ովքեր հանդիպելով փակ դռների՝ «գործ դասավորելու» սին խոստումներ են տալիս մարդկանց՝ խաղադրույք կատարելով պատահականության վրա, և եթե «բախտը ժպտում է», փոխհատուցում են շորթում իրենց չարած գործի համար: Ահա թե ինչու այս երևույթը կնքվել է «Բինգո» բնորոշ անունով: «Բինգո» մոլախոտը, լինի այն համակարգի ներսում, թե նրանից դուրս, իրականում հարցեր լուծելու ոչ մի լծակ չունի, այլ պարզապես սնվում է զարտուղի ճանապարհներ փնտրող մտայնությունից, ինչը, ցավոք, դեռևս կաղապարում է շատերի գիտակցությունը:

Հասարակական խորհուրդը, զգուշացնելով խաբեբաների ծուղակն ընկնելու վտանգից, հորդորում է քաղաքացիներին բոլորի համար ընդհանուր, հավասար ու անխտրական սկզբունքի պահպանման մեջ փնտրել սեփական շահը:

Բարի ծառայություն ենք մաղթում մեր նորակոչիկներին: Աստված թող պահապան լինի հայոց բանակի բոլոր զինծառայողներին»,- ասվում է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում