Հալեպի փողոցներում մեծ կաթսաներով տաք կերակուր են բաժանում բնակիչներին
Նմանատիպ
Թուրքիային սահմանակից Իդլեբի շրջանի Յակուբիե հայկական գյուղը երկար ժամանակ բախումային թեժ շրջան է եղել նախքան Հալեպում հակակառավարական բախումների սկսումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն’ ավելացնելով, որ կառավարական ուժերի եւ զինյալների միջեւ բախումների ժամանակ, անվտանգության նկատառումներից ելնելով, բազմաթիվ հայեր դուրս են եկել գյուղից: Յակուբիեում հիմնականում տղամարդիկ եւ տարեցներ են մնացել եւ վերջին տեղեկությունների համաձայն’ գյուղը ընդդիմադիրների հսկողության տակ է անցել:
Տեղեկություններն այն մասին, որ զինյալները գրավել են հայկական սուրբ Աննա եկեղեցուն պատկանող նորկառույց շինությունը եւ շրջակա տարածքները, Ռեյիսյանի խոսքով, պաշտոնապես չեն հաստատվում: Ճշգրտմանը խոչընդոտում է նաեւ հեռախոսակապի անկանոն գործելը: Ռեյսիյանը նաեւ տեղեկացրեց, որ կփորձեն կապ հաստատել տեղի քահանայի հետ եւ ստույգ տեղեկություններ իմանալ Յակուբիեում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ գյուղի բնակչությունը խուճապի է մատնվել, սակայն ընդդիմադիրները հավաստիացրել են, որ նրանց վտանգ չի սպառնում:
Ինչ վերաբերում է Հալեպում տիրող իրավիճակին, Բերիո թեմի առաջնորդարանի մամուլի խոսնակը նշեց, որ այս պահին իրավիճակը Հալեպում հանդարտ է, կրակոցների եւ պայթյունների ձայներ չեն լսվում: Հալեպում որոշ բարեգործական կազմակերպություններ քաղաքի փողոցներում մեծ կաթսաներով տաք կերակուր են պատրաստում եւ բաժանում հալեպցիներին: Նման ողջունելի քայլ է ձեռնարկել նաեւ Սիրիայի հայկական Կարմիր խաչի կազմակերպությունը’ շաբաթը մեկ օր տաք կերակուր բաժանելով տեղի հայերին: Բացի այդ, Ռեյիսյանը նաեւ նշեց, որ ձրի հաց բաժանելու ծրագիր է մշակվել: Սիրիական բանակը երեկ եւ այսօր Հալեպի մի քանի հրապարակներում հաց է բաժանել ժողովրդին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում