Դեկտեմբերի 18-ին կմելնարկի Իտալական ժամանակակից ֆիլմերի 3-րդ փառատոնը
Նմանատիպ
Դեկտեմբերի 18-ից 23-ը Պետական Համազգային թատրոնում (հասցեն՝ Երեւան, Ամիրյան 26) տեղի կունենա Իտալական ժամանակակից ֆիլմերի 3-րդ փառատոնը:
Այս փառատոնն արդեն երրորդ տարին է, որ կազմակերպվում է Հայաստանում Իտալիայի դեսպանության եւ Պետական համազգային թատրոնի համագործակցությամբ: Նախաձեռնությունը ուղղված է հայ հասարակության լայն շրջանակներին եւ կինոյի սիրահարներին: Փառատոնին կներկայացվի իտալական ժամանակակից արտադրության կարեւորագույն ֆիլմերի ընտրանին իտալերեն լեզվով եւ անգլերեն ենթագրերով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իտալական ֆիլմերն արժեքավոր ներդրում են ունեցել միջազգային կինոարվեստի զարգացման գործում, Հայաստանում Իտալիայի դեսպանությունը եւ Պետական Համազգային թատրոնը փառատոնի համար մշակել են ֆիլմերի ծրագիր, որը նպատակ ունի ուժեղացնել մարդկանց նվիրվածությունը Իտալիայի մշակութային ժառանգության պահպանմանն ու գիտելիքներին: Սա է իրականում փառատոնի նպատակը. մարդկանց ուշադրությունը սեւեռել ժամանակակից Իտալիայի ավանդույթների եւ ապրելաձեւի բնորոշ բաղադրիչներին ու արժեքներին:
Փառատոնի բացումը տեղի կունենա Պետական Համազգային թատրոնում: Բացման խոսքով հանդես կգա կինոքննադատ, արվեստագիտության թեկնածու Սառա Նալբանդյանը, որին կհաջորդի համերգ երիտասարդ երաժիշտների կատարմամբ (մենակատարներ՝ Լուկա Կոլանտոնիո եւ Թոմազո Արենա, նվագակցությամբ Հայաստանի երիտասարդական նվագախմբի լարային կվինտետի):
Նույն օրը, համերգից հետո Դեսպանության աջակցությամբ տեղի կունենա քանդակագործ Ալբերտ Վարդանյանի ցուցահանդեսի բացման արարողությունը, որտեղ կներկայացվի արվեստագետի լավագույն ստեղծագործությունները:
Հայաստանում Իտալիայի դեսպանությունը եւ Պետական Համազգային թատրոնը համոզված են, որ այսպիսի նախաձեռնության շնորհիվ հնարավորություն կտրվի հայ հասարակությանը, ովքեր համակրանք ունեն իտալական լեզվի եւ մշակույթի հանդեպ, ծանոթանալ Իտալիայի գերակայող հասարակական, ավանդական եւ գեղարվեստական արտահայտչաձեւերին:
Փառատոնի բացումից առաջ, ժամը 18:00-ին, Համազգային թատրոնի ճեմասրահում տեղի կունենա մամուլի ասուլիս (բանախոսներ՝ Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինի եւ Պետական Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյան):
Հետևեք մեզ նաև Telegram-ում