Ա.Սարգսյան. «Հանրապետություն» կուսակցությունն այս ընտրությունները և նրանց հետևանքները օգտագորելու է իրական, ազատական ուժերի համախմբման համար»
Նմանատիպ
Այսօր «Հանրապետություն» կուսակցության 6-րդ հերթական համագումարում կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հանդես եկավ ծավալուն ելույթով, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Նախորդ համագումարում երբ իմ ելույթը անվանում էի «Ճանապարհ դեպի լույսը», պատկերացում անգամ չունեի, որ այդ ճանապարհը այսքան երկար է լինելու և մեզնից անընդհատ նորանոր ջանքեր ու ժամանակ է պահանջելու: Լուսահոգի եղբայրս’ Վազգենն ասում էր. «Ժամանակները երբեք լավը կամ վատը չեն լինում, ժամանակները հաջող ու անհաջող չեն լինում, ժամանակները ունենում են այն բովանդակությունը, իմաստը և որակը, որ մենք ենք մեր հավաքական կամքով հաղորդում»:
«Հանրապետություն» կուսակցությունն իր ստեղծման առաջին իսկ օրից’ 2001 թվականի սեպտեմբերի 7-ից առ այսօր ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել Հայաստանում իրականացվող քաղաքական գործընթացներին’ փորձելով ազդել ժամանակների բովանդակության և որակի վրա, փորձելով կրճատել այն ժամանակը, որը պիտի անցներ մեր ժողովուրդը խավարից դեպի լույսը տանող ճանապարհին: Բայց այդ ճանապարհը անընդհատ երկարել ու երկարել է:
Ի՞նչ ունենք մենք անկախության հաստատումից 21 տարի անց: Առանց չափազանցության’ նույն վիճակը, բայց մի ճշտումով, որ արդեն չենք հավատում պայծառ հեռանկարներին, այսինքն’ լույսի գոյությանը, այսինքն’ Աստծո ներկայությանը մեր կյանքում: Իսկ ո՞վ է մեղավոր այս իրավիճակի համար: Իմ կարծիքով’ առաջին հերթին քաղաքական դաշտը: Քաղաքական դաշտի դեգրադացիան ակնհայտ է’ հակառակ այն իրողության, որ քաղաքական օրակարգի ոչ մի խնդիր լուծված չէ և անելիքներից ոչ մեկն էլ արվածների սյունակում չես գրանցի: Քաղաքական դաշտի դեգրադացիան հետևանք է ոչ թե գաղափարների ու գործողությունների պակասի, այլ’ գաղափարների արժեզրկման ու գործողությունների իմաստազրկման:
Ասածս հիմնավորելու համար սկսեմ իմ կարծիքով, ամենահիմնական ու ամենագլխավոր մեղավորից’ իշխանությունից: Չնայած նրանց պահվածքը բոլորիդ համար էլ պարզ է ու հասկանալի, ամենաքիչն է բացատրությունների կարիք ու մեկնաբանություն պահանջում:
Բայց այս իշխանությունները կարևորելով Հայաստանի անկախությունը և ինքնանիշխանությունը, միևնույն ժամանակ նորանոր պայմանագրեր են ստորագրում ՀԱՊԿ-ի շրջանակներում, որով սահմանափակվում է սեփական տարածքում առանց ՀԱՊԿ-ի թույլատվության այլ ուժերի ներկայությունը: Կարևորելով Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության սերտացումը և ընդլայնումը, 49 տարով երկարաձգում են ռուսական ռազմաբազաների ներկայությունը Հայաստանում: Խոսում են տնտեսական և էներգետիկ անկախությունից, միևնույն ժամանակ իրականացնում են «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը, Իրան-Հայաստան գազամուղն էլ վաճառում են Ռուսաստանին:
Ժողովրդավարությունը համարելով Հայաստանի համար ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհ, այնպիսի ընտրություններ են անցկացնում, որ ստիպված են լինում հատուկ դրություն մտցնել, օրը ցերեկով կրակել սեփական քաղաքացիների վրա, փակել երկրում գործող ոչ պետական լրատվամիջոցները: Ստիպված են լինում փշալարերի ետևում, ամայի Երևանում երդմնակալության արարողություն անցկացնել, սեփական ժողովրդի քվեն ու խիղճը գնահատում են փողով, ինչի հետևանքով զրկվում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների’ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի օժանդակությունից, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից: Հայաստանի ապագան տեսնելով եվրաինտեգրման մեջ’ հարազատ կուսակցությամբ մասնակցում է ԵվրաԶեսի և ընդհանուր մաքսային միության ծրագրերի քննարկմանը և վախենում դրանց արժանապատվորեն «Ոչ» ասել: Խոսում է օլիգոպոլիաների ու մոնոպոլիաների անթույլատրելիությունից, բայց սրտանց մասնակցում է և ուրախանում դրանց ընտանիքների հարսանիքներին ու խրախճանքներին:
Եվ այդտեղ է, որ իրեն երջանիկ, հոգեհարազատ և ձուկը ջրում է զգում: Հեռուստախցիկների առաջ բացահայտում է դատախազության մութ արարքները, բայց կառույցի հիմնական պատասխանատուների ոչ մի փոփոխություն չի հետևում: Հոկտեմբերի 27-ը պետության դեմ ուղղված ահաբեկչական ակտ որակելով’ միևնույն ժամանակ Ազգային անվտանգության նախարարության տեռորիզմի դեմ պայքարի վարչության աշխատակիցներին, որոնք ամենաքիչը հանցավոր անգործություն են ցուցաբերել, պաշտոնների բարձրացում և շքանշաններ է պարգևում:
Տեսականորեն ընդունելով միջազգային հանրության կողմից որակված մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ուժային կառույցների անհամաչափ օգտագործումը’ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով, որևէ ուժայինի ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկում, այլև ավելի բարձր պաշտոնների են նշանակում: Քաղաքական կոռեկտության ու բարոյականության կոչեր անելով’ նախկինում իրենց կողմից դավաճան ու դատարկություն անվանվածներին բարձր պաշտոններում ու սեփական խմբակցություններում են ներգրավում, դեռ ավելին’ այցելում են նրանց գրքերի շնորհանդեսներին: Խոսում են օրենքի առաջ հավասարությունից, երկրում ներդրումներ անելու անհրաժեշտությունից, փոքր ու միջին բիզնեսին օժանդակելուց, անվճար ծննդօգնությունից, առողջապահության մատչելիությունից, հարկային բեռը թեթևացնելու ու պարզեցնելու անհրաժեշտությունից, արտագաղթի նվազումից, ներգաղթի աճից, ընտրողների քանակի ավելացումից, գների նվազումից, բարեկեցության բարձրացումից… ու էսպես շարունակ, իրականում ի՞նչ են անում’ իրենք էլ գիտեն, մենք էլ ու եթե անկեղծ լինենք, հենց սա է Հայաստանը, և’ վերջ:
Մի խոսքով’ այս իշխանությունները ապացուցել են, որ իրենք հանուն իշխանության պահպանության ընդունակ են ամեն ինչի, իրենց համար տաբուներ չկան ոչ քաղաքական, ոչ պետական, ոչ մարդկային, ոչ բարոյական կատեգորիաներում:
Հիմա անցնեմ երկրորդ պատասխանատուին’ ընդդիմությանը: Ընդդիմությունը միշտ էլ համախմբվել է բարի ու ճիշտ նպատակների համար: Երկրում սահմանադրական կարգը վերահաստատելու, ազատ ու արդար ընտրություններ պարտադրելով’ իրապես ժողովրդի քվեով ու կամքով իշխանություններ ձևավորելու խնդրով: Ընտրություններում պետք է հաղթես մինչև քվեարկություն, իսկ քվեարկության պետք է գնաս արդեն իսկ քաղաքական հաղթանակդ ամրագրելու: Սա քաղաքագիտական նորմ է, աքսիոմա: Իսկ իրականություն դարձնելու միակ ճանապարհը և հույսը հասարակական լայն զանգվածների վրա հենվելով’ բաց, թափանցիկ և ամենօրյա աշխատանք տանելն է, Մեղրիի Ագարակ ավանից Նոյեմբերյանի Տեղ գյուղը ջրի ճամփա դարձնելը: Բայց ընդդիմությունը, երբեմն նաև իրենից անկախ, ներքաշվում է իշխանությունների կողմից կազմակերպված ինտրիգների դաշտ’ մոռանում ժողովրդին ու խնդրի լուծումը տեսնում ներիշխանական կոնֆլիկտների և իշխանությունից մաս պոկելու մեջ: Արդյունքում’ հասարակական լայն զանգվածների աջակցությունն ունեցող միակ ընդդիմադիր, լուրջ քաղաքական պոտենցիալ և անհատականություններ ունեցող քաղաքական ուժը մի ամբողջ տարի քարոզում է օլիգարխիկ կառույցի նյութական և հասարակական հնարավորությունները օգտագործելու միջոցով իշխանափոխության հասնելու հնարավորությունը’ իբրև միակ ճանապարհ:
«Հանրապետություն» կուսակցությունը հրապարակավ իր անհամաձայնությունը հայտնել է այդ մոտեցմանը: Մենք ներկա իրավիճակի պատասխանատու ենք համարել ու համարում բոլոր այն ուժերին, ովքեր հոկտեմբերի 27-ից ու մարտի 1-ից հետո համախմբվեցին և կոալիցիա կազմեցին’ գոյություն ունեցող իրավիճակը արդարացնելով և համարելով օրինաչափ: ՀԱԿ-ից մեր դուրս գալուց հետո առաջին նախագահը ասաց, որ ժամանակը ցույց կտա, թե ով էր ճիշտ: Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ դուրս եկավ. ԲՀԿ-ն հրաժարվեց նախկինում իր ստորագրած հուշագրից, բայց շահե՞ց արդյոք դրանից ժողովուրդը, ընդդիմությունը, քաղաքական դաշտը: Անկասկած’ ոչ: Ավելի դեգրադացվեց’ ապացուցելով, որ ընդդիմությունն էլ իշխանափոխության և իշխանության հասնելու ճանապարհին մեծ հաշվով տաբուներ չունի: Այս ամենի մեջ «Հանրապետություն» կուսակցությունն էլ մեղքի իր բաժինն ունի: Ունենալով լուրջ գաղափարական հիմքեր և ծրագրային դրույթներ դրանք մի կողմ է թողել’ համախմբվելով բացարձակ հակառակ գաղափարախություն և աշխարհընկալում ունեցող ուժերի հետ, ունենալով ընդամենը մեկ գերխնդիր’ իշխանափոխություն:
Մենք ազատական արժեքներ դավանող քաղաքական ուժ ենք, բայց միևնույն ժամանակ կարևորում ենք պետության կարգավորող ազդեցությունը այդ շուկայի վրա: Մենք բաց սահմանների կողմնակից ենք և գտնում ենք, որ իրական տնտեսական մրցակցությունը բաց սահմանների առկայությամբ է հնարավոր միայն:
Մենք Ղարաբաղի հարցի փոխզիջումային, խաղաղ, Մինսկի խմբի շրջանակներում բանակցային ճանապարհով լուծման կողմնակից ենք, բայց գտնում ենք, որ թե խաղաղության, թե բաց սահմանների համար պիտի վճարեն նաև տարածաշրջանի բոլոր երկրները:
Հիացած չլինելով հայ-թուրքական արձանագրությունների որոշ դրույթների բովանդակությամբ, դեմ ենք դրանք ԱԺ օրակարգից հանելուն:
Մենք 100 տոկոս համամասնական ընտրակարգին կողմ լինելով’ կատեգորիկ դեմ ենք կառավարման գործող համակարգը խորհրդարանական կառավարումով փոխարինելու գաղափարին: Ստեղծված իրավիճակի մեղավորը ոչ թե Սահմանադրությունն է, որը, իհարկե, կատարյալ չէ, այլ այն խախտող և արհամարհող իշխանությունը:
Արևմտյան և եվրոպական քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութայիմ համակարգերի մաս կազմելը մեզ համար այլընտրանք չունի, ԵՎրաԶէսի և ընդհանուր մաքսային միության մեջ մտնելը մենք համարում ենք Հայաստանի համար անթույլատրելի և վտանգավոր:
Հետևություններ անելով ներքաղաքական դաշտում և հասարակութան մեջ ձևավորված իրավիճակից’ մեր ծրագրերի և նպատակների իրագործումը վտանգի տակ չդնելու պատասխանատվությունից’ ես որոշեցի չառաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում: Հուսով եմ’ չառաջադրվելս ասելիքի կամ կամքի բացակայության հետևանք չեք համարի:
Իսկ ի՞նչ է տեղի ունենալու առաջիկա ընտրություններում: Նախ ասեմ, որ ես հեռու եմ այն կարծիքից, որ դրանք որակապես ավելի լավն են լինելու կամ նպաստելու են երկրի զարգացմանը: Իշխանության համար այս ընտրությունները խրախճանք են, նրանք այնքան են կտրվել իրականությունից, որ չեն էլ նկատում վերահաս ժանտախտը: Այլընտրանք ձևակերպմամբ միավորման համար այս ընտրությունը լաբիրինթոս է, որից դուրս գալու կծիկը նրանք չունեն: Տիտղոսային ընդդիմության համար այս ընտրությունը Հայաստանի վերջն է, մինչդեռ Հայաստանը ու հայրենիքը հավերժ են: Մեզ համար այս ընտրությունը ոչ խրախճանք է, ոչ անորոշ լաբիրինթոս, ոչ կենաց-մահու Ավարայր:
Այս ընտրությունները ընդամենը հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի ոճրագործություններով բնութագրվող, դրանց մեղսակից և անմեղսակից, բայց անկարող քաղաքական սուբյեկտներից բաղկացած քաղաքական համակարգի ավարտական հանգրվանն են: Այդ համակարգի խորհրդանշական վախճանի մեկնարկը:
«Հանրապետություն» կուսակցությունը վճռականորեն «Ոչ» է ասում այս ընտրությունները կազմակերպած քաղաքական իշխանություններին, այս ընտրությունները և նրանց հետևանքները օգտագորելու է իրական, ազատական ուժերի համախմբման համար, իսկ փետրվարի 19-ից հետո հակված ենք լինելու հաղթելու մղումով մասնակցել երկրում տեղի ունեցող ցանկացած քաղաքական գործընթացի’ հերթական, թե արտահերթ:
Ու մասնակցելու ենք ոչ ի հեճուկս, ոչ ընդդեմ, ոչ հավուր պատշաճի, այլ միայն ու միայն հանուն-ի սկզբունքով: Իմ հրաշալի ընկեր Այդին Մորիկյանը քաղաքականության մեջ հաղթելուն հակիրճ ու դիպուկ բնութագրում է տվել’ «Հաղթողները միայն հաղթողների համար չէ, որ հաղթում են: Նրանք հաղթում են նաև պարտվողների համար»:
Հանճարեղ հայ Հրանտ Մաթևոսյանը 1991 թ. բացահայտեց բացվող էպոխայի և փակվող էպոխայի միջև կանգնած մեր հասարակության առանձնահատկությունները, որ այսօր էլ ամբողջությամբ արդիական են: Այս իշխանությունը փետրվարի 18-ին կկազմակերպի իր վերջին ընտրությունները’ փակելով անցնող էպոխան, իսկ փետրվարի 19-ից սկսելու է նոր էպոխան, նոր Հայաստանի սկիզբը, որի գլխավոր հարստությունը լինելու է ազատ քաղաքացին, Վազգենի պատկերած 21-րդ դարի թերևս գլխավոր ու միակ հերոսը, ով պատերազմել է հերոսաբար, ազատազրկվել է արժանապատվորեն, ով գտել է խավարը կոտրող լույսը: «Էլի մեկ-երկու լիարժեք քայլ, էլի մի քիչ համբերություն, փոխադարձ հանդուրժողակաություն և 21-րդ դարը մերն է լինելու»»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում