Ադրբեջանի սեւ շուկայում մանաթն արժե 2 դոլար
Նմանատիպ
Ադրբեջանի ազգային արժույթի` մանաթի փոխարժեքը դոլարի նկատմամբ արագորեն թանկանում է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, moderator.az կայքը հայտնում է, որ Ադրբեջանի սեւ շուկայում վերավաճառողներն արդեն մեկ դոլարը վաճառում են 1,90-2 մանաթով:
2015 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի կենտրոնական բանկը որոշում է ընդունել անցնել ազգային արժույթի` մանաթի լողացող փոխարժեքի, որի արդյունքում ԱՄՆ-ի դոլարի եւ եվրոյի փոխարժեքը մանաթի նկատմամբ պաշտոնապես հարյուր տոկոսից ավելի աճել է` կազմելով համապատասխանաբար 1,65 եւ 1,785 մանաթ: Որոշ տվյալներով` Բաքվի «սեւ շուկայում» ամերիկյան մեկ դոլարը վաճառվում է նույնիսկ 3-4 մանաթով:
Ըստ «Ազադլըգ» ռադիոկայանի` ադրբեջանցի հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն համոզմունք է հայտնել, որ «Ադրբեջանի տնտեսության անկումն արդեն երեք ամիս է` սկսված է»:
«Նրա խոսքով` այս տարվա հունվարին արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է անցյալ տարվա նույն ամսվա երեք քառորդը: Այդ ժամանակաշրջանի համեմատ` ոչ նավթային հատվածի արտահանման ծավալը կիսով չափ կրճատվել է:
«Ամենաանհանգստացնողը ոչ նավթային հատվածում արտադրության եւ արտահանման մեջ խորն անկման միտման առկայությունն է: Հիշյալ ժամանակաշրջանում սպառողական գների ինդեքսը 11,7 տոկոսով, մթերքների գները` 14,8 տոկոսով, ոչ մթերային արտադրանքի գինը 15,7 տոկոսով աճել են: Դրա դիմաց բնակչության եկամուտներն աճել են ընդամենը 10 տոկոսով», – գրել է Իբադօղլուն` նշելով, որ երկու անգամ (27,5 տոկոսով) աճել է խնդրահարույց վարկերի (չվերադարձվող) ծավալը:
The Financial Times թերթը գրում է, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսից ավելին կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում