Ղարաբաղյան ազատամարտը կներկայացվի Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում

Ղարաբաղյան ազատամարտը կներկայացվի Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում

Ալբերտ Մկրտչյանի որդին՝ ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը սկսել է հայկական արտադրության իր առաջին ֆիլմի նկարահանումները: Նախկինում Մկրտչյանը ստեղծագործել է Ռուսաստանում: Նոր նախագծի նկարահանաման շրջանակներում «Արմենպրես»-ը զրուցել է ֆիլմի գլխավոր դերասանուհիների մեկի՝ Անի Ղա? ?արյանի հետ:

«Ֆիլմի սյուժեի մասին շատ բան պատմել չեմ կարող, բայց նշեմ, որ սա մի պատմություն է, որի միջոցով ներակայացվում են Ղարաբաղյան ազատամարտը և դրան մասնակից կերպարները: Կինոթատրոններում ցուցադրվելու է երկու լիամետրաժ ֆիլմ, իսկ հեռուստատեսային տարբերակը բաղկացած կլինի 4 մասից»,- ասաց դերասանուհին: Առաջին ֆիլ մը պատմելու է 1990-ականների մասին, իսկ երկրորդը՝ մեր օրերի. Անին նկարահանվում է երկրորդ ֆիլմում: 25-ամյա դերասանուհին խաղալու է 40-ն անց կնոջ դեր, ով արդեն ունի 20 տարեկան որդի:

Նրա խոսքով՝ կայացած կնոջ մարմնավորելու և տարիքային արգելքը հաղթահարելու համար հարկավոր է ունենալ որոշակի կենսափորձ և հասունություն, բայց իր աշխատանքի հետաքրքրությունը հենց նման մասնագիստական դժվարությունների մեջ է: Սցենարիստը ևս Մհեր Մկրտչյանն է, ինչն ավելի է հեշտացնում Անիի աշխատանքը. ըստ նրա՝ Մկրտչյանը շատ լավ է կարողանում բացատրել, թե ինչն ինչու է գրել: Նկարահանո ղ խումբը մեծ է և պրոֆեսիոնալ, բոլորը մեծ պատասխանատվությամբ և սիրով են մոտենում իրենց գործին, իսկ դա առավել պարտավորեցնող է:

«Իմ կերպարի ամուսնուն մարմնավորում է Շանթ Հովհաննիսյանը, որդուն՝ Վարուժան Մարգարյանը, իսկ կերպարիս երիտասարդ տարիները մարմնավորում է Անի Խաչիկյանը: Սկզբում մտածում էի, որ մենք բացարձակ նման չենք, բայց դիմահարդարների ջանքերով ստացանք մաքսիմալ նմանություն»,- նշեց դերասանուհին: Մինչ Խաչիկյանի նկարահանումների մեկնարկը դերասանուհիները մի քանի անգամ հանդիպել ու զրուցել են՝ փորձելով գտնել ընդհանուր գծեր: Անի Ղազարյանն այն համոզմունքն ունի, որ որևէ կերպար մարմնավորելիս, այն պարտադիր պետք է «դարձնել իրենը»: Սցենարիստը հորինում է կերպարը, ռեժիսորը տալիս առաջադրանք, դերասանն էլ իր կողմից որոշ բաներ է ավելացնում: Հետո հերոսն ուզած-չուզած հարազատ է դառնում:

Անին նաև պատմեց, թե ինչպես է ստացել գլխավոր դերը: Քաստինգի առաջին փուլի համար ռեժիսորը որոշ լուսանկարներ է արել Համազգային թատրոնում, ապա Նարինե Գրիգորյանի «Լյու-Բոֆ» ներկայացումը դիտելուց հետո և կանչել է Անիին քաստինգի երկրորդ փուլի համար: Մկրտչյանը խնդրել է Անիին բեմից կարդալ մի տեքստ. հանձնարարությունը կատարելուց հետո Մկրտչյանը բղավել է Անիի վրա՝ ասելով, որ նա շատ զզվելի դերասանուհի է:

«Ես էլ անակնալի եկա՝ չհասկանալով, թե ինչն եմ թերի արել ու խնդրեցի ռեժիսորին բացատրել սխալս: Դրան ի պատասխան՝ նա ժպտաց ու շնորհավորեց ինձ՝ ասելով, որ ես հաստատված եմ գլխավոր դերի համար»,– պատմեց գլխավոր դերակատարուհին:

Ղազարյանն անհամբերությամբ սպասում է ապրիլի սկզբին, երբ սկսելու են իր նկարահանումները, իսկ ֆիլմի առաջին մասի թրեյլերը պատրաստ կլինի շուտով: Նա նշում է, որ  ռեժիսորը դերասանների հետ աշխատելու  յուրահատուկ ձև ունի: Նկարահանումների ընթացքում տիրում է շատ ջերմ մթնոլորտ, բոլորը շատ արագ ընկերացել են:

«Ընդհանրապես, ֆիլմ նկարահանելը թիմային աշխատանք է: Ես, իհարկե, շատ ֆիլմերում չեմ նկարահանվել, բայց  որպես ականատես՝ կատարած աշխատանքով ուղղակի հիացած եմ և շատ ուրախ, որ այս ֆիլմի մի մասն եմ»,– խոստովանեց դերասանուհին:  Անին կարծում է, որ յուրաքանչյուր ռեժիսոր աշխատում է յուրովի և ունի իր մոտեցումն ու աշխատելաոճը դերասանների հետ: Եթե Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմում Անին ամբողջությամբ ճաղատացավ, ապա նոր ֆիլմում կերապարանափոխությունն այդքան կտրուկ չի լինի: Փոխվելու է դերասանուհու մազերի և աչքերի գույները:

Նոր նախագծում նկարահանվում են նաև Նարինե Գրիգորյանը, Բաբկեն Չոբանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Արմեն Մարգարյանը, Գագիկ Մադոյանը, Դիանա Մալենկոն:

Անի Ղազարյանը 2008թ-ից աշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում:Մհեր Մկրտչյանի նկարահանած ֆիլմերից են «Մեծ դուստրը, կամ հղիության թեստ», «Երեքը և Փաթիլը», «Պապ 005»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում