Արտաշես Ներսիսյան. Հավաքականի համար նոր էջ է գրվում

Արտաշես Ներսիսյան. Հավաքականի համար նոր էջ է գրվում

Արդեն տեղեկացրել ենք, որ ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային չեմպիոնն է. Արտաշես Ներսիսյանի գլխավորած հավաքականը  վաստակել է 449 միավորով, 5 ոսկե, 1 արծաթե մեդալ: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչն ամփոփել է առաջնությունը:

-Մենք դեռևս Հայաստանում մտադրություն ունեինք թիմային մասնակցություն ունենալ Եվրոպայի առաջնությանը: Հիմա վստահ կարող եմ ասել, որ ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի համար նոր էջ է գրվում: Հենց թիմային պայքարն էր, որ մեզ տվեց այս հաղթանակը: Խոսելով Աննա Գովելյանի մասին, ով առաջինը սկսեց պայքարը, կարող եմ ասել, որ գոհ եմ նրանից: Նրա մոտ ստացվեց այն, ինչ ուզում էինք: 58 կգ քաշային կարում մի քիչ դժգոհ եմ Իզաբելլա Յայլյանից: Նա ֆիզիկապես պատրաստ էր 3-րդ 4-րդ տեղի համար պայքարելու,-նշել է Արտաշես Ներսիսյանը:

-Ի՞նչ կասեք Քրիստինե Պետրոսյանի, Արփինե Դալալյանի և Սոնա Պողոսյանի մասին:

-Քրիստինեն հաջող հանդես եկավ ես նախատեսել էի նրա համար մի քայլ ավելի հետ, բայց նա արեց մի քայլ առաջ: Նա կարողացավ լավ միավորներ տալ թիմին: Սոնան, ով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իրավունք ուներ լինել 5-րդ տեղում: Նա դեռ փոքր է և նոր է տեղափոխվել երիտասարդների տարիքային խումբ: Մեր Արփինեն արեց այն ինչ կարող էր, բայց հրում վարժությունում ունակ էր մեդալակիր դառնալու:

-Իսկ չեմպիոննե՞րը:

-Նազիկն էլ, Հռիփսիմեն էլ բնականաբար շատ լավ մասնակցեցին: Արեցին այն, ինչ ուզում էինք:

-Սա պատմական ձեռքբերում է հավաքականի համար: Ի՞նչ պետք է անել, որ կարողանանք պահպանել այս մակարդակը:

-Պետք է մարզերում, երկրի շատ քաղաքներում տեսնեն այս ամենը և հավատան, որ աղջիկները կարող են Եվրոպայի առաջնությունում հաղթել: Հավաքագրել է պետք աղջիկների: Եթե ուժեղ է, ապա պետք իրեն փորձի նաև այստեղ: Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի քանակի շատություն, հետո մենք՝ մարզիչներս պետք է ընտրենք դրանից որակը: Իհարկե, նոր սերունդ կա, սակայն երկար և քրտնաջան աշխատանք է հարկավոր:

-Հիմա արդեն կենտրոնանալու ենք Օլիմպիական խաղերի վրա: Ի՞նչի հետևից ենք գնում մենք Ռիո:

-Մենք ունենք Հռիփսիմեին և Նազիկին, բայց հավաքականի անդամներն ունակ են փոխարինելու նրանց: Իսկ չեմպիոնների այս հաղթանակը պետք է նոր խթան հանդիսանա իրենց համար, որ մի քայլ ավելի առաջ գնան: Ես չէի ասի, թե աղջիկները շատ մոտ են մեդալի, բայց նաև հեռու չեն: Շատ աշխատանք է պետք, քրտնաջան աշխատանք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում