Ֆուտբոլային բումերանգ | 5 խաղ, երբ մրցավարը սխալվել է «Բարսելոնայի» օգտին

Ֆուտբոլային բումերանգ | 5 խաղ, երբ մրցավարը սխալվել է «Բարսելոնայի» օգտին

Արդեն երկար տարիներ է՝ «Բարսելոնայի» հաղթանակը չցանկացողները կատալոնական թիմի վրա ամեն ինչի համար ցեխ են նետում՝ խաղաոճից մինչև մրցավարների վերաբերմունքը:

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակչի՝ «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղում մրցավարական որոշումներից դժգոհ էին արդեն կատալոնացիների երկրպագուները: Խաղի վերջում Նիկոլա Ռիցոլին, ով աշխատել է 2013թ. ՉԼ-ի և Մունդիալ 2014-ի եզրափակիչ հանդիպումների ժամանակ, կոպիտ սխալ թույլ տվեց, որից 2 անվիճելի փաստ կարելի է առանձնացնել: Առաջին՝ Գաբին ձեռքով էր խաղում, երկրորդ՝ դրվագը մադրիդցիների տուգանային հրապարակում էր: Մրցավարը չգիտես՝ ինչու որոշեց, որ կատարվածը տուգանային հրապարակից դուրս էր և 11-մետրանոց չնշանակեց:

Այո՛, խաղն այլ ընթացք կարող էր ունենալ, բայց ոչ մի երաշխիք չկա, որ կատալոնացիները կիրացնեին 11-մետրանոց հարվածը, այնուհետև արդյունավետ կանցկացնեին լրացուցիչ ժամանակը: Խոսքն այլ բանի մասին է: Համաձայնեք, որ վերջին 10 տարիների ընթացքում սովորել ենք, որ մրցավարները սխալվում են հենց կատալոնական թիմի օգտին: Խոսքն այստեղ առաջին խաղում Տորրեսին դաշտից հեռացնելու մասին չէ, քանի որ այդ կարմիր քարտի շուրջ վիճելու առիթներն անհամեմատ ավելի մեղմ են: Հաղթարշավը, որ վերջին 10 տարիներին կատալոնական թիմին Չեմպիոնների լիգայի 4 գավաթ է տվել, մրցավարական ավելի լուրջ սխալներով է մշուշված: ՉԼ-ի 1/4 եզրափակչի վերոնշյալ խաղում, «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում ֆուտբոլային յուրօրինակ բումերանգի ականատես եղանք: Եվ այսպես, ինչի՞ համար կարող էր «Բարսելոնան» պատասխան ստանալ:

«Բարսելոնա»-«Չելսի»` 2:1
Երբ` 23.02.05
Փուլ`  ՉԼ 1/8 եզրափակիչ
Մրցավար` Անդերս Ֆրիսկ (Շվեդիա)
Վիճահարույց դրվագ` Դիդյե Դրոգբայի հեռացումը

11 տարի առաջ լոնդոնցիները 12 միավորի առավելությամբ ավարտեցին ԱՊԼ-ի մրցաշրջանը, բայց մինչև այդ նրանց իսկական փորձություն էր սպասվում ՉԼ-ի 1/8 եզրափակչում: Վիճակահանության արդյունքում «Չելսիի» այդ փուլի մրցակիցը «Բարսելոնան» դարձավ: Թիմերի առաջին հանդիպումը տեղի ունեցավ «Կամպ Նոու» մարզադաշտում, որտեղ առաջին խաղակեսի ավարտին հյուրերն առաջատար էին, իսկ թիմի գլխավոր հարձակվող Դիդյե Դրոգբան խաղի 15-րդ րոպեին դեղին քարտի արժանացավ, ինչը վիճելի էր: Արդեն երկրորդ խաղակեսում Դրոգբան, ով հայտնի է իր անզիջում բնավորությամբ, դրվագներից մեկում գնաց մինչև վերջ: Սկզբում թվաց, թե Դրոգբան սխալ է, բայց մի քանի անգամ դրվագի կրկնությունը տեսնելուց հետո պարզ դարձավ, որ աֆրիկացին գնդակին էր խաղում, որը դեռևս չէր հայտնվել Վալդեսի վերահսկողության տակ: Դրոգբան իր գործողությամբ վնասվածք պատճառելու նույնիսկ չնչին միտում չուներ: Նա մինչև վերջ խաղաց, նա ոտքը հարկ եղածից ավելի չբարձրացրեց, արմունկը կամ ծունկն առաջ չբերեց: Միանշանակ խաղային իրավիճակ, որում չպետք է մոռանալ իներցիայի գործոնը:

Ինչպես երևում է, Ֆրիկսը ֆիզիկային հարկ եղած ուշադրությունը չէր հատկացրել ու որոշեց Դրոգբային դաշտից հեռացնել հանդիպման 56-րդ րոպեին: Բնական է, որ մնացած ժամանակահատվածի ընթացքում դաշտի տերերը երկու գնդակ խփեցին: Շվեդ մրցավարը կատարվածից հետո ֆիզիկական բռնության սպառնալիքներ էր ստացել լոնդոնյան թիմի երկրպագուներից:

«Չելսի»-«Բարսելոնա»՝ 1:1
Երբ՝ 06.05.09
Փուլ՝ ՉԼ կիսաեզրափակիչ
Մրցավար՝ Թոմ Հեննինգ Էվրեբյո (Նորվեգիա)
Վիճահարույց դրվագ՝ չի նշանակել 1-3 11-մետրանոց

ՉԼ-ի կիսաեզրափակչի «Չելսի»-«Բարսելոնա» հանդիպումն ամենատարօրինակներից է մրցաշարի այդ փուլի խաղերի մեջ: Լոնդոնցիներին երկրպագողներն այդ գիշեր 5 11-մետրանոց են հաշվել, իսկ Գուս Հիդինկը՝ 3: Մարզիչը չէր հաշվել Մալուդայի նկատմամբ խախտումը, որը մրցավարը դիտարկեց որպես տուգանային հրապարակից դուրս կատարված գործողություն, և Պիկեի ձեռքով խաղը: Արդյունքում եզրափակչի ուղեգիրը բաժին հասավ «Բարսելոնային»: Ամեն ինչ վճռեց կատալոնացիների՝ «Սթեմֆորդ Բրիջում» խփած գնդակը, քանի որ առաջին հանդիպումը 0:0 հաշվով էր վերջացել: «Բարսելոնան» հաղթեց ՉԼ-ի այդ խաղարկությունում, իսկ «Չելսին» հիշվեց Բալաքի՝ Թոմ Հեննինգ Էվրեբյոյի հետ վազքով, Հիդդինկի՝ «մրցավարների հետ պայմանավորվածության» մասին ակնարկով, Դրոգբայի ազատ արտահայտություններով:

Էվրեբյոն մի քանի տարի անց խոստովանեց, որ սխալվել է, բայց ներողություն չխնդրեց. «Ես շարունակում եմ սպառնալից նամակներ ստանալ: Որքան էլ տաօրինակ է, գոհ եմ, քանի որ ես ու գործընկերներս կարողացանք հանգստություն պահպանել այդ լարված իրավիճակում: Չեմ պատրաստվում որևէ մեկից ներողություն խնդրել: Մրցավարական սխալները խաղի մի մասն են»,-ասել է նորվեգացին 2012 թվականին:

«Բարսելոնա»-«Ինտեր»՝ 1:0
Երբ՝ 28.10.10
Փուլ՝ ՉԼ կիսաեզրափակիչ
Մրցավար՝ Ֆրանկ Դե Բլեկերե (Բելգիա)
Վիճահարույց դրվագ՝ Տյագո Մոտայի դաշտից հեռացումը

Մեկ տարի անց, ՉԼ-ի նույն փուլում «Բարսելոնան», մասնավորապես Սերխիո Բուսկետսը, «ֆուտբոլային փոքրիկ խորամանկություն» գործեց: Միլանում 1:3 հաշվով պարտվելով՝ կատալոնացիները պատրաստ էին ամեն ինչի, որպեսզի կրկին նվաճեին Հին Աշխարհի ակումբային ամենահեղինակավոր գավաթը: Անկասկած, խաղի ամենահիշարժան դրվագը՝ Բուսկետսի սիմուլյացիան ու Տյագո Մոտայի հեռացումն է: Մեծապես այդ դրվագից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները վաստակեցին սիմուլյանտների պիտակը: Ամեն դեպքում Մոուրինյուն իր թիմին եզրափակիչ առաջնորդեց, որտեղ «Ինտերը» Դիեգո Միլիտոյի դուբլի շնորհիվ հաղթեց «Բավարիային»:

«Բարսելոնա»-«Արսենալ»՝ 3:1
Երբ՝ 08.03.11
Փուլ՝ ՉԼ 1/8 եզրափակիչ
Մրցավար՝ Մասսիմո Բուզակա (Շվեյցարիա)
Վիճահարույց դրվագ՝ Ռոբին վան Պերսիի հեռացումը

«Արսենալը» հարազատ պատերի ներքո 2:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»: «Կամպ Նոու» մարզադաշտում խաղային ժամանակի ավարտին հաշիվը 1:1 էր: Հյուրերը ստիպված կենտրոնացել էին սեփական տուգանային հրապարակում, և ամեն րոպեին զուգահեռ ավելի էր բարդանում կատալոնացիներին դիմակայելը: Պատճառը շատ պարզ է. «Արսենալի» կազմից հեռացվել էր Ռոբին վան Պերսին: Հոլանդացին խաղից դուրս վիճակն արձանագրող սուլիչի ձայնը չէր լսել և հարվածել էր դարպասին: Դա կանոնների խախտում է: Մասսիմո Բուզական հավատարիմ մնալով օրենքին՝ պատժեց ֆուտբոլիստին: Ռոբին վան Պերսիի համար այդ դեղինը երկրորդն էր: Իրականում մրցավարը ճիշտ էր, բայց նա իր խստությամբ կոտրեց խաղի ոգին: Պարզ չէ, թե ամեն ինչ ինչպես կավարտվեր, քանի որ «Արսենալը» ընդհանուր հաշվարկում առաջատար էր: Մնացած ժամանակահատվածում «Բարսելոնան» 2 գնդակ խփեց ու դուրս եկավ հաջորդ փուլ:

«Մրցավարը մեծ ազդեցություն թողեց խաղի արդյունքի վրա: Բացատրեք խնդրեմ, թե ինչպես կարող էի լսել նրա սուլիչի ձայնը 95.000 հանդիսականով լի մարզադաշտի աղմուկի մեջ: Իմ կարմիր քարտը ծիծաղից բացի ոչինչ չի առաջացնում: Սուլիչի ձայնի ու հարվածի միջև մեկ վայրկյանի տարբերություն կար: Բուզական «Արսենալի» դեմ էր, նա սպանեց խաղը»,-ասել է Ռոբին վան Պերսին:

«Ռեալ»-«Բարսելոնա»՝ 0:2
Երբ՝ 27.04.11
Փուլ՝ ՉԼ կիսաեզրափակիչ
Մրցավար՝ Վոլֆգանգ Շտարկ (Նորվեգիա)
Վիճահարույց դրվագ՝ Պեպեի հեռացումը

2010-11թթ. մրցաշրջանում իսպանական ֆուտբոլի երկրպագուներն իսկապես յուրահատուկ իրադարձության ականատես եղան. «Բարսելոնան» ու «Ռեալը» երեք շաբաթվա ընթացքում 4 սերիայից բակացած թրիլլեր ցուցադրեցին: Մենք կխոսենք Իսպանիայի մայրաքաղաքի ՉԼ-ի հանդիպման մասին, որը հիշվում է «Ռեալի» կոպիտ ու կտրուկ խաղի շնորհիվ: Մադրիդցիները չէին ամաչում իրենց պահվածքից: Արդյունքում կարմիր քարտ, բայց միանգամայն անմեղ մարդու հասցեագրված:

Իհարկե, Պեպեն նվեր չէ, բայց Դանի Ալվեսի հետ դրվագում պորտուգալացին կանոնները չէր խախտել ու դրա մասին են վկայում այդ դրվագի բազմաթիվ տեսագրությունները: Դատելով Ալվեսի պահվածքից՝ նրան պետք է դաշտից անմիջապես հիվանդանոց տեղափոխեին: Իրականում բրազիլացին հասցրել էր հեռացնել ոտքը, որից հետո իրեն դերասանությանն էր նվիրել: Շտարկը նայեց-նայեց ու ասաց. «Հավատում եմ»: 10 հոգով մնալով՝ «Ռեալը» երկու անգամ բաց թողեց, իսկ պատասխան խաղում մադրիդցիները կարողացան միայն ոչ-ոքի արդյունքի հասնել: «Բարսելոնան» հասավ եզրափակիչ, որտեղ էլ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում