18
+18°C
Fonte de dados meteorológicos: Campo Grande 30 days weather

Հասմիկ Պապյանը կվարի «Ավրորա» մրցանակի հանձնման հանդիսավոր երեկոն

Հասմիկ Պապյանը կվարի «Ավրորա» մրցանակի հանձնման հանդիսավոր երեկոն

Անվանի երգչուհի Հասմիկ Պապյանը «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը կկատարի Բարսեղ Կանաչյանի «Օրոր»-ը և կվարի հանդիսավոր երեկոն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց սիրված երգչուհին:

«Մի անակնկալ ասեմ` ես պիտի վարեմ այդ երեկոն: Մենք ուրիշ ելույթ էինք նախատեսել ինձ համար, բայց քանի որ տեղի ունեցան ապրիլյան դեպքերը, ես չկարողացա պատկերացնել, որ մեր որոշած երգը կարող եմ երգել: Կուզենայի որևէ աղոթք կատարել, բայց քանի որ եկեղեցի չէ, Մարզահամերգային համալիրն այն վայրը չէ, որտեղ կարելի է «Ավե Մարիա» երգել: Որոշեցի Բարսեղ Կանաչյանի օրորոցայինը երգել, օրոր ասել մեր մանուկներին, որոնք դեռ պիտի ծնվեն և քայլեն դեպի ապագա, ինչ-որ ձևով նաև մխիթարության խոսք ասել մեր զոհված զինվորների ծնողներին, հարազատներին: Դժվար է խոսքեր գտնել: Մենք նրանց կողքին ենք և հասկանում ենք այդ վշտի ծանրությունը»,-նշեց Հասմիկ Պապյանը:

Երգչուհու խոսքով` ինքը «Ավրորա»-ի գեղարվեստական խորհրդի անդամներից է և շատ է հավանում իրադարձության գաղափարը:

«Շատ եմ հավատում նման նախաձեռնությունների, որոնք առաջ են նայում, դեպի ապագան են միտված, որոնք մեզ հնարավորություն են տալիս մի քիչ այլ ձևով նայել մեր անցյալին: Այս դեպքում «Ավրորա» մրցանակի հիմքում ընկած է հաղթած ժողովուրդի գաղափարը, որը ցեղասպանություն է տեսել, վերապրել է դա և կարողացել է ինքնահաստատվել, այնպիսի աստիճանի հասնել, որ կարող է մի ուրիշ ցեղասպանության ենթարկվողի ձեռք մեկնել, տալ մրցանակ, քաջալերել իր օրինակով, ինչպես նաև երախտապարտ լինել այն երկրներին, քաղաքացիներին, ովքեր մեզ են օգնել 100 տարի առաջ»,- նշեց նա:

«Արմենպրես»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը «Ավրորա» մրցանակի հանդիսավոր հանձնման արարողությանը Մարզահամերգային համալիրում ապրիլի 24-ին կատարելու է հայ կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործություններից։ Մասնավորապես, ներկայացվելու են հատվածներ Ավետ Տերտերյանի 3-րդ, Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիաներից, ինչպես նաև՝ Շառլ Ազնավուրի երգերից մեկը և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում