«Բարսելոնան» հաղթեց 10 հոգով խաղացող «Բետիսին» (տեսանյութ)

«Բարսելոնան» հաղթեց 10 հոգով խաղացող «Բետիսին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Բարսելոնան» առավելության հասավ «Բետիսի» նկատմամբ:

«Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսն ուշագրավ էր ոչ այնքան դիտարժան խաղով, որքան գլխավոր մրցավար Մատեու Լաոսի ցույց տված 8 դեղին քարտով. դրանցից երկուսը ստացավ Խայկո Վեստերմանը և 35-րդ րոպեից դաշտի տերերին թողեց 10 հոգով: 

Երկրորդ խաղակեսում «Բարսելոնայի» ֆուտբոլիստները, օգտվելով թվային առավելությունից, երկու գնդակ խփեցին. 49-րդ րոպեին աչքի ընկավ Իվան Ռակիտիչը, 81-րդ րոպեին՝ Լուիս Սուարեսը: Երկու դեպքում էլ գոլային փոխանցման հեղինակը Լիոնել Մեսսին էր: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսսին արդեն 15 գոլային փոխանցում է կատարել:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 85 միավոր և առաջնության ավարտից 2 տուր առաջ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի «Ատլետիկոն», իսկ լավագույն եռյակը եզրափակող «Ռեալն» ունի 84 միավոր: «Բետիսը» մնաց 41 միավորով՝ 13-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Բետիս» – «Բարսելոնա»՝ 0:2
Գոլերը՝ Ռակիտիչ 49′, Սուարես 81′
Հեռացում՝ Վեստերման 35′

Հետևեք մեզ նաև Telegram-ում