ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը ջանքերը կենտրոնացնում են Սիրիայում հրադադարի ամրապնդման եւ ընդլայնման վրա. Լավրով

ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը ջանքերը կենտրոնացնում են Սիրիայում հրադադարի ամրապնդման եւ ընդլայնման վրա. Լավրով

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ջանքերը կենտրոնացնում են Սիրիայում զինադադարի ամրապնդման եւ ընդլայնման վրա: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը: Նախարարի խոսքով՝ «ակտիվ աշխատանք է ընթանում ռուս ու ամերիկացի զինծառայողների միջեւ»: «Աշխատանքը վերաբերում է մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի կոնսոլիդացմանը, նոր շրջաններում դրա ընդլայնմանը»,- նշել է Լավրովը:

Նախարարը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում սիրիական ճգնաժամի կարգավորման նպատակով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի գործադրած ջանքերը:

«Ողջունում ենք Ձեր ջանքերը, դրանք բարձր ենք գնահատում»,- ասել է Լավրովը:- Կարծում ենք, որ դա շատ կարեւոր ներդրում է բոլոր այն ուղղություններով շարժվելու գործում, որոնք նշված են ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերում»:

Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակն անհրաժեշտ Է համարում Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման ավելի հուսալի մեխանիզմի մշակումը:

«Մի քանի օր առաջ ես ամփոփեցի Ժնեւում կայացած միջսիրիական բանակցությունների հերթական փուլի արդյունքները: Ես կոչով դիմեցի Ռուսաստանին ու ԱՄՆ-ին՝ որպես Սիրիայի աջակցման միջազգային խմբի (ՍԱՄԽ) նախագահների եւ մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի գործընթացի գլխավոր հովանավորների, եւ հորդորեցի կողմերին՝ հնարավոր ամեն ինչ անել եւ օգնել այդ գործընթացը վերադարձնելու հարկավոր հուն»,- ասել է դե Միստուրան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում