Ֆեդերեր. Մեղմ ասած, շատ հիասթափված եմ

Ֆեդերեր. Մեղմ ասած, շատ հիասթափված եմ

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը խոսել է Մադրիդի մրցաշարից հրաժարվելու որոշման մասին: Շվեյցարացին մարզման ժամանակ մեջքի վնասվածք է ստացել:

-Ներողություն եմ խնդրում մրցաշարի կազմակերպիչներից, որ ժամանեցի Մադրիդ, բայց ստիպված հեռանում եմ: Երբ այստեղ եկա, ամեն ինչ լավ էր, բայց մարզման ժամանակ վնասվածք ստացա: Հիմա չեմ ցանկանում ռիսկի դիմել, քանի որ հասկանում եմ՝ լիովին պատրաստ չեմ առաջիկա խաղերին: Մեղմ ասած, շատ հիասթափված եմ: Ես խաղալու հույս ունեի: Ես չէի ցանկանում գալ մամուլի ասուլիսի և տեղեկացնել, որ չեմ մասնակցելու մրցաշարին:

Մեջքի հետ կապված նմանատիպ խնդիրներ ունեցել եմ: Դա ինչ-որ առումով լավ է, քանի որ հստակ գիտեմ՝ ինչ է պետք անել, ինչքան ժամանակ կպահանջվի ապաքինման համար: Այս մրցաշրջանն ինձ համար հեշտ չի ընթանում, բայց հույս ունեմ՝ ամեն ինչ կուղղվի,-Ֆեդերերի խոսքը մեջբերված է մրցաշարի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ մրցաշրջանի մեկնարկը Ֆեդերերը բաց է թողել ծնկի վիրահատության պատճառով, ապա ինֆեկցիայի պատճառով չի մասնակցել Մայամիի մրցաշարին, իսկ Մոնտե Կառլոյի մրցաշարում պարտվել է 1/4 եզրափակչում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում