ԲՀԿ-ն ՀՀԿ-ի կառույցի է վերածվել, ՀՅԴ-ն էլ ապագա խորհրդարանում ներկա կլինի այնքանով, որքանով ցանկանա ՀՀԿ-ն

ԲՀԿ-ն ՀՀԿ-ի կառույցի է վերածվել, ՀՅԴ-ն էլ ապագա խորհրդարանում ներկա կլինի այնքանով, որքանով ցանկանա ՀՀԿ-ն

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի համոզմամբ՝ մեր երկրում 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսվեց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը ԲՀԿ ղեկավարին հեռացրեց քաղաքական դաշտից, ինչով չեզոքացվեց կուսակցությունը, քանի որ Գագիկ Ծառուկյանը կուսակցության թե գաղափարական, թե ֆինանսական առումով լիդերն էր։ Իսկ հիմա «Բարգավաճ Հայաստան»-ը վերածվել է ՀՀԿ-ի մի կառույցի, որի մասին վկայեց Սահմանադրական հանրաքվեն: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա նրանք ներկայություն կունենան ապագա խորհրդարանում այնքանով, որքանով ցանկանա ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը, ինչի մասին հուշում են  Թալինի ընտրութունները:

«ՀԱԿ-ը դեռ էապես թուլացած է, ինչը բացատրվում է նրանով, որ հասարակությունն է թուլացած և չի կարողանում նոր արյուն ներարկել այդ կուսակցության մեջ, երկրորդ՝ ՀԱԿ-ը շատ հարցերում  սխալներ թույլ տվեց: Ի տարբերություն ՀՀԿ-ի, որը հստակ գիտի, թե ինչ է ուզում, ինչպես հասնել, Կոնգրեսի մոտ դա չի երևում»-լրացրեց նա: Մյուս կողմից՝ Բադալյանը նկատեց, որ եթե Հանրապետական կուսակցությունը փող չբաժանի, խորհրդարան չի մտնի։ Իսկ որպեսզի փող բաժանեն, հարուստները պետք է շահագրգռվածություն ունեն, այսինքն՝ մեծամասնականով անցնեն, ինչի համար էլ որոշվեց ռեյտինգային քվեարկությունը, որ նրանք  մեծամասնականով անցնեն:

Ինչ վերաբերում է արտաքին ուժերի հետաքրքրությանը, ապա եթե ՌԴ-ի դեպքում պարզ է քանի որ այստեղ բազա ունի, ապա Արևմուտքը հատուկ հետաքրքրություն չի ցուցաբերում:

«Ռուսաստանի դեպքում հասկանալի է՝ այստեղ բազա կա, այլ հարցեր, ուստի ցանկալի է, որ ունենա ենթակա իշխանություն: Արևմուտքի դեպքում մի քիչ հասկանալի չէ, թե ինչ հեռանկար է տեսնում՝ ցանկանո՞ւմ է, որ Հայաստանը դուրս գա Ռուսաստանի ազդեցության գոտուց, թե՞ համակերպվել է, մտածում է, որ հինգ տոկոս ազդեցությունն իրեն բավարար է»,- նշեց նա՝ ակնարկելով, որ Եվրոպան ու ԱՄՆ-ն պահանջում են արդար ընտրություններ, բայց քայլեր չեն ձեռնարկում, որ հասնենք արդար ընտրությունների: 

Հանդիպմանը ներկա քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ անդրադառնալով Վարդան Օսկանյանի կուսակցության ստեղծմանը  նշեց, թե  թեպետ հիմա ՀՀ երկրորդ նախագահը պասիվ է, բայց նրա քաղաքական և լրատվական ռեսուրսներն ակտիվ են, ինչը նշանակում է, որ չի կարելի բացառել, որ այնուամենայնիվ երկրորդ նախագահը որևէ կերպ կմասնակցի այս պրոցեսներին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում