Թուրքիայում քննարկվում է Դավութօղլուի հրաժարականի հարցը

Թուրքիայում քննարկվում է Դավութօղլուի հրաժարականի հարցը

Թուրքիայում քաղաքական կուլիսներում գնալով թեժանում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի միջև առկա տարաձայնությունների և վարչապետի հնարավոր հրաժարականի մասին քննարկումները, հաղորդում է  Ermenihaber.am-ը:

Այս քննարկումների թեժացման շարժառիթ է դարձել նախօրեին «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում Դավութօղլուի էմոցիոնալ ելույթը, որի ընթացքում վերջինս ասել է. «Եթե կա մի պաշտոն, որից հասարակ մահկանացուն կմտածի թե ոչ ոք, երբեք չի հրաժարվի, ապա ես անտարբերությամբ այդ պաշտոնը կթողնեմ»:

Նախօրեին նախագահական նստավայրում նախատեսվածից մեկ օր շուտ տեղի ունեցավ Էրդողան-Դավութօղլու երկկողմ հանդիպումը, որի օրակարգում թուրքական մամուլի մեկնաբանմամբ Դավութօղլուի հրաժարականի հարցն է եղել:

Թուրքական թերթերի գլխավոր էջերում հանդիպում են «Դավութօղլուն հրաժարակա՞ն է տալիս», «Այսօր Դավութօողլու հրաժարականի ժողովն է», «Դավութօղլուն հրաժարականը գրպանում գնում է նախագահական նստավայր» և այլ նմանատիպ վերնագրերով հրապարակումներ:

Նախագահական նստավայրում մոտ 1 ժամ 40 րոպե տևած հանդիպումից հետո, նախագահականի մամուլի ծառայությունից պաշտոնապես հայտարարվեց, որ հանդիպման վերաբերյալ որևէ հայտարարություն չի լինելու:

Չնայած պաշտոնական որևէ հայտարարություն չկա՝ քննարկումները շարունակվում են: Նույնսիկ նշվում է, որ Դավութօղլուի հրաժարականից հետո ժամանակավորապես նրա պաշտոնին կնշանակվի Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում