ԱԺ քառօրյա. պատգամավորները քննարկում են ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը. ՈՒՂԻՂ

ԱԺ քառօրյա. պատգամավորները քննարկում են ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյայի հերթական նիստը: Գրանցվել է 118 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Հունիսի 6-ի նիստում պատգամավորները շարունակել են քննարկել և ավարտել են նախորդ նիստում ընդհատված «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2014 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը:

Այնուհետեւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունմամբ ակնկալվում են բարելավումներ ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերի շրջանակներում ջրային, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, կառույցների, դրանցով զբաղեցված հողերի նկատմամբ:

Պատգամավորներն այնուհետեւ քննարկել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի, որպեսզի ազգային անվտանգության մարմինների` նեղ մասնագիտական կրթություն պահանջող առանձին պաշտոններ համալրվեն գիտական աստիճան ունեցող եւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված ու հետագայում պահեստազորում գրանցված անձանցով: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադեւոսյանը երկրորդ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է նաեւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

Քննարկված հարցերի քվեարկությունից հետո խորհրդարանը կշարունակի քննարկել ՀՀ 2015թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվությունը, որը պատգամավորներին է ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում