Եվրոպայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

Եվրոպայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

Հունիսի 10-ին մեկնարկելու է Եվրոպայի առաջնությունը։ Ֆուտբոլային տոնին ընդառաջ՝ ներկայացնում ենք առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին։

9-14. Թոնի Կրոս, Գերմանիա
«Ռեալ», 26 տարեկան: 50 մլն եվրո

Աշնանը «Ռեալի» ամենամեծ խնդիրը (եթե չհաշվենք ներքին խնդիրները) հենակետային դիրքի անկայունությունն էր: Կրոս-Մոդրիչ զույգը բավարար ուժեղ չէր, իսկ Իսկոյին կամ Խամեսին նրանց կցելը չավելացրեց հուսալիությունը: Ռաֆայել Բենիտեսը փորձեց Կազեմիրոյին օգտագործել հենակետային կիսպաշտպանի դիրքում, բայց Ֆլորենտինո Պերեսի ճնշումների ներքո ստիպված եղավ ոչ այնքան հայտնի ֆուտբոլիստին դուրս թողնել մեկնարկային կազմից:  Ինչ անթույլատրելի էր Բենիտեին, թույլատրվեց Զինեդին Զիդանին․ ֆրանսիացին կազմ վերադարձրեց Կազեմիրոյին, իսկ Կրոսը կրկին սկսեց ցուցադրել իր լավագույն որակները, գլխավորել գրոհները, դուրս գալ պրեսսինգից, փոխանցումներ կատարել: Կրոսն Իսպանիայի առաջնությունում 10 գոլային փոխանցում կատարեց, տեսնենք՝ ի՞նչ արդյունավետություն կցուցադրի Ֆրանսիայում։

9-14. Լուկա Մոդրիչ, Խորվաթիա
«Ռեալ», 30 տարեկան: 50 մլն եվրո

Կրոսի մասին ասվածը վերաբերում է նաև Մադրիչին: Քանի դեռ Լուկան ստիպված էր խաղաժամանակի մեծ մասն առանց գնդակի անցկացնել և պատասխանատվություն կրել մրցակցի փոխանցումներից գնդակ խլելու համար, լավագույն կերպով չէր դրսևորում իրեն: Սակայն ամեն ինչ փոխվեց: Հիանալի տեխնիկան Մոդրիչին օգնում է խաղի բավականին ռիսկային տիպ գործածել․ նա տեղափոխվում ու հիանալի է խաղում դաշտի կենտրոնում: «Whoscored»-ի աղյուսակում խորվաթ ֆուտբոլիստը մրցաշրջանում 6 անգամ «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստն է ճանաչվել:

9-14. Ռահիմ Սթերլինգ, Անգլիա
«Մանչեսթեր Սիթի», 21 տարեկան: 50 մլն եվրո

Սթերլինգը մրցաշրջանի ընթացքում երկրպագուներին մեծամասամբ ստիպեց փնտրել իր համար 62 միլիոն եվրո վճարելու պատճառը: Ռահիմը ծայրահեղ անկայուն էր խաղում, հաջող ու անհաջող ամիսներն ու ստացված-չստացված խաղերը հաջորդում էին միմյանց: Այնուամենայնիվ, նա ԱՊԼ-ում և ՉԼ-ում 6 գնդակ խփեց: Ռահիմն ընդամենը 21 տարեկան է ու դեռևս պետք չէ շտապել հետևություններ անել: 

9-14. Կոկե, Իսպանիա
«Ատլետիկո», 24 տարեկան: 50 մլն եվրո

Այս մրցաշրջանում Կոկեն Դիեգո Սիմեոնեի թիմում երկու՝ եզրային կիսապաշտպանի (17 խաղ բոլոր մրցաշարերում) և կենտրոնական կիսապաշտպանի (16 խաղ բոլոր մրցաշարերում) դիրքում խաղաց: Թեև գոլ խփելն «Ատլետիկոյի» կիսապաշտպանի հիմնական պարտականությունը չէ, նա 5 անգամ աչքի է ընկել ներքին առաջնությունում։ Առավել կարևոր էին Կոկեի կատարած 14 գոլային փոխանցումները։

9-14. Սերխիո Բուսկետս, Իսպանիա
«Բարսելոնա», 27 տարեկան, 50 մլն եվրո

Հենակետային կիսապաշտպանի դիրքում խաղալով՝ Բուսկետսը «Բարսելոնայի» հարձակման գծին տեմպ ավելացրեց, օգնեց Ռակիտիչին ու Ինյեստային: Բուսկետսի փոխանցումների ճշգրտությունը 90% է։ Պարզապես անփոխարինելի ֆուտբոլիստ ինչպես «Բարսելոնայում», այնպես էլ հավաքականում:

9-14. Մեսութ Օզիլ, Գերմանիա
«Արսենալ», 27 տարեկան: 50 մլն եվրո

Գոլային փոխանցումներ կատարելով՝ Օզիլն այս մրցաշրջանում ստիպեց լռել նրանց, ովքեր ասում էին, թե ֆուտբոլիստը միայն թույլ թիմերի դեմ խաղերում է նկատվում: Օզիլը գոլային երկու փոխանցում է կատարել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերում, նույնն արել է «Տոտենհեմի», «Լեսթերի» դեմ խաղերի ժամանակ, լավագույնն է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ արտագնա խաղում (գոլ + փոխանցում ձևաչափում): Եվրոպայի առաջնության ժամանակ Օզիլը, ամենայն հավանականությամբ, իր սիրելի գործով կզբաղվի՝ խաղընկերներին հարվածային դիրք դուրս կբերի:

7-8. Քևին դե Բրույնե, Բելգիա
«Մանչեսթեր Սիթի», 24 տարեկան: 60 մլն եվրո

Անցյալ ամռանը «Վոլֆսբուրգը» «Մանչեսթեր Սիթիի» հետ փոխելով՝ Քևին դե Բրույնեն երկար հարմարվեց նոր առաջնությանը. սկզբում չէր հասկանում խաղընկերներին, հետո վնասվածքներ ստացավ, երկար ժամանակ պահանջվեց մինչև լավ մարզավիճակ ձեռք բերի… Սակայն մրցաշրջանի երկրորդ կեսին Քևինն ավելի հաճախ երևաց եզրում, և Ագուերոյի հետ գտավ իրեն: Նա ԱՊԼ-ում 16 միավոր հավաքեց «գոլ + գոլային փոխանցում» ձևաչափով, ինչը վատ արդյունք չէ, եթե հաշվի առնենք, որ բելգիացին մեկնարկային կազմում խաղն ընդամենը 22 անգամ է սկսել: Թվում է՝ Քևինի իրական հնարավորությունները դեռ չենք տեսել: Սա ևս մեկ պատճառ է Եվրոպայի առաջնության ժամանակ Բելգիայի խաղերին հետևելու համար:

7-8. Անտուան Գրիզման, Ֆրանսիա
«Ատլետիկո», 25 տարեկան: 60 մլն եվրո

Գրիզմանն ամբողջ մրցաշրջանի ընթացքում անփոխարինելի էր «Ատլետիկոյում», գլխավոր գոլահարն էր ու տուգանայիններն իրացնողը։ Անտուանը 22 գնդակ Իսպանիայի առաջնությունում է խփել, 7-ը՝ ՉԼ-ում: Ֆրանսիացի ֆուտբոլիստը մեծ առաջընթաց է գրանցել և կարող է Եվրոպայի առաջնության հերոսներից մեկը դառնալ, եթե, իհարկե, ուժերը չեն սպառվել։

6. Պոլ Պոգբա, Ֆրանսիա
«Յուվենտուս», 23 տարեկան: 65 մլն եվրո

Թուրինյան թիմի ֆուտբոլիստներից շատերի պես Պոգբայի մոտ ևս մրցաշրջանի մեկնարկը հարթ չընթացավ. նա նյարդային էր, բաց էր թողում պահերն ու չէր աշխատում պաշտպանությունում… Մի քանի ամիս անց Պոլը լրջացավ: Ա Սերիայում նա 8 անգամ աչքի ընկավ և խաղալով կենտրոնում՝ 12 գոլային փոխանցում կատարեց: Եվրոպայի առաջնության շեմին Պոգբան հիանալի մարզավիճակում է ու իր տրանսֆերի համար ստիպում է պայքարել եվրոպական թոփ-ակումբներին, սակայն «Յուվենտուսը» չի ցանկանում բաժանվել նրանից:

4-5. Ռոբերտ Լևանդովսկի
«Բավարիա», 27 տարեկան: 70 մլն եվրո

«Բավարիայում» Գվարդիոլայի փորձարկումները ֆուտբոլիստներից շատերի վրա ազգեցություն ունեցան, բայց ոչ Լևանդովսկու: Երբ նա առողջ էր ու պարտրաստ խաղալու, մարզչի հիմնական ընտրությունն էր հարձակման գծի կենտրոնի համար: Արդյունքը՝ Բունդեսլիգայի 32 խաղում 30 գնդակ, Չեմպիոնների լիգայում 11 գնդակ և «Ռեալի» հետաքրքրությունը, որ նրան թույլ է տալիս «Բավարիայից» ավելի բարձր աշխատավարձի հնարավորություն ունենալ:

4-5. Էդեն Ազար, Բելգիա
«Չելսի», 25 տարեկան: 70 մլն եվրո

Ազարի արժեքը զարմացնում է․ «Transfermarkt»-ը սովորաբար կես տարին մեկ է թարմացնում տվյալները, դրանք համապատասխանեցնում ֆուտբոլիստների անձնական ձեռքբերումներին ու թիմի արդյունավետությանը: Ազարի դեպքն այլ է. նրա արժեքն անցյալ տարվա հունիսից չի փոխվել: Այդ ընթացքում Ազարը կարողացել է Եվրոպայում լավագույն դրիբլինգ ունեցող, Մոուրինյուի համար «Ռոնալդուից բարձր» ֆուտբոլիստից վերածվել «առնետի» («Չելսիի» երկրպագուների բնորոշումը) և «վատագույն մարզավիճակ ունեցող ֆուտբոլիստի» (Գուս Հիդդինկի բնորոշումը): Բարեբախտաբար, գարնան վերջին Ազարը սկսեց հիշեցնել անցյալը: Եվրոպայի առաջնության գլխավոր հանելուկներից է՝ ինչպե՞ս կխաղա Ազարը։

3. Թոմաս Մյուլլեր, Գերմանիա
«Բավարիա», 26 տարեկան: 75 մլն եվրո

Գվարդիոլան այս մրցաշրջանում մի քանի անգամ փոխեց «Բավարիայի» մարտավարությունը, ու Մյուլլերը խաղաց կենտրոնական կիսապաշտպանի, աջ եզրայինի, ենթահարձակվողի, կենտրոնական հարձակվողի դիրքում: Պետք է նշել, որ գերմանացին չէր դժգոհում ու գոլեր էր խփում. 20 գնդակ Բունդեսլիգայում, 8՝ Չեմպիոնների լիգայում։ Հիանալի արդյունք, եթե հաշվի առնենք դիրքերը, որոնք ստիպված էր փակել ֆուտբոլիստը: Տեսնենք՝ Յոահիմ Լյովն ինչպե՞ս կօգտագործի Մյուլլերի տաղանդն ու աշխատասիրությունը։

2. Գարեթ Բեյլ, Ուելս
«Ռեալ», 26 տարեկան: 80 մլն եվրո

Չնայած Չեմպիոնների լիգայում տոնած հաղթանակին՝ Բեյլի համար այնքան էլ հաջողված մրցաշրջան չէր. 2 անգամ վնասվածք ստացավ, 19 գնդակ խփեց Իսպանիայի առաջնությունում։ Ամեն դեպքում, Բեյլը չի անհանգստանում: Նա լրջորեն պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը. «Պետք է հավատանք, որ կարող ենք հաղթել այս առաջնությունում»,-ասում է ուելսեցին։

1. Կրիշտիանու Ռոնալդու, Պորտուգալիա
«Ռեալ», 31 տարեկան: 110 մլն եվրո

Ի տարբերություն մրցաշրջանի մեկնարկի՝ Ռոնալդուն ձմռան ավարտից իրեն հիանալի դրսևորեց: Խփեց Չեմպիոնների լիգայի եզրափակչի 11-մետրանոց հարվածաշարի վերջին գոլը («Գիտեի, որ խփելու եմ եզրափակչի վճռորոշ գնդակը»,-«համեստորեն» նշեց Ռոնալդուն): 16 գնդակի շնորհիվ պորտուգալացին կրկին դարձավ ՉԼ-ի լավագույն ռմբարկուն ու, ամենայն հավանականությամբ, այդ ձեռքբերումը Եվրոպայի առաջնությունից առաջ կբարձրացնի նրա տրամադրությունը:

Բացի այդ, Ռոնալդուն գլխավորում է «ESPN»-ի աշխարհի ամենաճանաչված մարզիկների ցուցակը: Նա շրջանցել է Լեբրոն Ջեյմսին և Լիոնել Մեսսիին: Ի դեպ, նա միակ եվրոպացի ֆուտբոլիստն է, ում «Transfermarkt»-ը 100 միլիոնից ավելի է գնահատել:

Տրանսֆերային արժեքների տվյալները՝ «Transfermarkt»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում