Եվրո-2016․ Խոստումնալից Բելգիան, փորձառու Իտալիան, Զլատանի Շվեդիան և իռլանդացիները

Եվրո-2016․ Խոստումնալից Բելգիան, փորձառու Իտալիան, Զլատանի Շվեդիան և իռլանդացիները

Եվրոպայի առաջնության մեկնարկին մնացել է ընդամենը 2 օր։ Այս անգամ ներկայացնում ենք E խմբին:

Այստեղ ուժեղ հավաքականներ են հավաքված, սակայն նրանցից յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի: Այս քառյակը ևս կարող էր մահվան խումբ համարվել, եթե հավաքականներից գոնե մեկին առաջնության գլխավոր ֆավորիտ համարեին: Իտալացիների կիսապաշտպանությունում և հարձակման գծում այդպես էլ թիմն իր հետևից տանելու ընդունակ առաջնորդ չի գտնվել: Բելգիան ամուր կազմ ունի, բայց քչերն են հավատում, որ թիմը կարող է եզրափակիչ դուրս գալ: Շվեդների մոտ ամեն ինչ մեկ ֆուտբոլիստի՝ Զլատան Իբրահիմովիչի ուսերին է, իսկ իռլանդացիները, թեև մարտունակ թիմ են, բայց փորձառու չեն: Խմբի բոլոր անդամները գրեթե հավասար են, ու յուրաքանչյուրը կարող է փլեյ-օֆֆ փուլի ուղեգրի հավակնել: 

Բելգիա

ՖԻՖԱ-ի վարկանիշային վերջին աղյուսակում բելգիացիները երկրորդն են, իսկ եվրոպական թիմերի մեջ՝ առաջինը: Սակայն եվրոպական լավագույն ակումբը ճանաչվելու համար բավարար չեն տարատեսակ վարկանիշային աղյուսակները. պետք է կարողանալ նվաճել ոսկե բարձունքը: Բելգիան տաղանդավոր սերունդ է հավաքել, բայց սպասելիքներն իսկապես արդարացնելու համար նրանք պետք է հաղթանակի հասնեն: Բրազիլիայում կայացած Մունդիալում նրանք զիջեցին եզրափակչի մասնակիցներից մեկին՝ Արգենտինային, բայց եթե անհաջող մրցաշրջանից հետո Ազարն ուշքի չգա, նա հիմա էլ կարող է որևէ արժեքավոր բանի հույս չունենալ:

Տիբո Կուրտուայի նման բարձրակարգ դարպասապահ, առանց Վենսան Կոմպանիի, բայց ամուր պաշտպանություն, հզոր կիսապաշտպանություն, մարտունակ հարձկաման գիծ։ Դե ինչ, E խումբը Մարկ Վիլմոտսի երիտասարդ սաների համար ուժերը փորձելու հիանալի հնարավորություն է։

Իտալիա

Չնայած նախընտրական փուլում չգտնվեց մի թիմ, որ կկարողանար հաղթել Անտոնիո Կոնտեի սաներին՝ Իտալիան այսօր լավ հավաքական է, որի գլխավոր ուժը դաշտի սեփական հատվածում է: Աշխարհի վերջին երկու առաջնություններում Իտալիան անգամ խմբից դուրս գալ չի կարողացել, բայց Եվրոպայի նախորդ առաջնությունում նվաճված արծաթը հիշեցնում է, որ իրականում հզոր արմատներ ունեցող թիմի հետ գործ ունենք: Իհարկե, նրանք պետք է փլեյ-օֆֆ դուրս գան, եթե հաշվի առնենք ֆուտբոլիստների անհատական հնարավորությունները, բայց Իտալիան վստահաբար այն թիմը չէ, որի հաղթանակին կարելի է կուրորեն հավատալ:

Իռլանդիա

Նախընտրական փուլը հաղթահարելու փաստն իռլանդացիների օգտին կարևոր ոչինչ չի ասում, բայց խմբում նրանք 7 գնդակ են բաց թողել այն պարագայում, երբ Գերմանիան ու Լեհաստանը միասին 57 անգամ գրավել են մրցակիցների դարպասը: Հետաքրքական է, որ կարևոր խաղում Իռլանդիան կարողացել է հաղթել աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային: Ճիշտ տրամադրվածության հետ կապված իռլանդացիները խնդիրներ չունեն, բայց E խմբից պայքարը շարունակելու հարցում ֆավորիտ չեն։

Շվեդիա

Սկանդինավյան այս ընտրանին Եվրոպայի վերջին երկու առաջնություններում պայքարն ավարտել է խմբային փուլի շրջանակներում: Այս անգամ էլ իրադարձությունները կարող են նման ընթացք ունենալ։ Այո, նրանք Զլատան ունեն, ով 34 տարեկան հասակում շարունակում է հիացնել, բայց նրանից բացի թիմը որևէ մեկի վրա հենվել չի կարող: Նախընտրական փուլում ավստրիացիները հաղթեցին նրանց և անգամ Ռուսաստանի հավաքականը նրանցից ուժեղ դուրս եկավ: Այնպես որ, ամեն ինչ մնում է Իբրահիմովիչի ուսերին:

Խաղ, որն անպայման պետք է դիտել
Իտալիա-Իռլանդիա

Հեշտ ճանապարհով չենք գնա ու այստեղ չենք նշի առաջին երկու զաբյուղների հավաքականների խաղը: Առաջնության ընդլայնման արդյունքում ավելի շատ միջակ հավաքականներ հնարավորություն կունենան խաղալու փլեյ-օֆֆում։ Հունիսի 22-ին իռլանդացիները, ամենայն հավանականությամբ, խմբային փուլը հաջողությամբ ավարտելու հնարավորություն դեռ կունենան, բայց փաստ չէ, որ հարցն այդ պահին վերջնականապես կլուծեն: Ամեն ինչ հակամարտող կողմերի ձեռքում կլինի: 

Գլխավոր անհատական հակամարտությունը
Իբրահիմովիչն ընդդեմ Վերտոնգենի և Ալդերվեյրելդի

Ոչ մի հնարավորություն չկա մտածելու, թե Իբրահիմովիչը ստվերում կմնա․ սա նրա համար գուցե լինի Եվրոպայի վերջին առաջնությունը։ Վերջին տուրի՝ հունիսի 22-ին կայանալիք հանդիպումն իսկապես պայթյունավտանգ է լինելու: Վենսան Կոմպանին բացակայում է, բայց բելգիական թիմի պաշտպանները պետք է անեն ամեն հնարավոր բան, որպեսզի կարողանան կանգնեցնել մեր օրերի հանճարեղ, անկանխատեսելի հարձակվողներից մեկին: Յան Վերտոնգենն ու Տոբի Ալդերվեյրելդը հիանալի մրցաշրջան են անցկացրել և հիմնականում հենց նրանցից է կախված լինելու Շվեդիայի աստղին կանգնեցնելու գործի հաջողությունը: Այնպես որ՝ հսկաների դիտարժան մենամարտ է լինելու:

Նախորդ հրապարակումները՝

Խմբային փուլի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում