Եվրո-2016․ Ռոնալդուի Պորտուգալիան, Ալաբայի Ավստրիան, համեստ Իսլանդիան և Հունգարիան

Եվրո-2016․ Ռոնալդուի Պորտուգալիան, Ալաբայի Ավստրիան, համեստ Իսլանդիան և Հունգարիան

Եվրոպայի առաջնության մեկնարկին արդեն հաշված ժամեր են մնացել։ Ներկայացնում ենք խմբային փուլի վերջին քառյակին։

Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ փորձում է տիտղոս նվաճել ԱՄՆ-ում, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն փորձելու է նվաճել եվրոպական ֆուտբոլի գահը։ Ճիշտ է, Եվրոպայի առաջնության խմբային փուլում ամեն օր երեք հանդիպում է նշանակված, ու ոչ մի ֆուտբոլիստ երկարատև ուշադրության չի արժանանալու, բայց պորտուգալացիների հետ նույն խմբում այնպիսի հավաքականներ են, որոնք Ռոնալդուի պես աստղեր չունեն։ Չնայած դրան՝ այդ թիմերը յուրովի հետաքրքիր և ուժեղ են։ 

Պորտուգալիա

Խմբային փուլի վիճակահանության ժամանակ այս հավաքականն ամենաթույլն էր առաջին զամբյուղում, իսկ բաժին հասած խումբը միանգամայն աշխատունակ է: Պորտուգալիան Մունդիալի վատ ելույթներից հետո ստեղծված տպավորությունը փոխելու հիանալի հնարավորություն ունի։

Նախընտրական փուլի շրջանակում Պորտուգալիայում համբերության բաժակը լի էր ու հատեց Ալբանիայից կրած պարտութունից հետո, ինչի արդյունքում Պաուլու Բենտուն հեռացավ, իսկ նրա փոխարեն թիմ եկավ Ֆերնանդու Սանտուշը: Վերջինս կարգավորեց թիմի աշխատանքը, բայց չկարողացավ խուսափել առաջնորդի նկատմամբ ունեցած կախվածությունից: Ռոնալդուն ինքն էլ նշել է հավաքականում աստղերի ոչ բավարար քանակի մասին: Արդյունքում, ինչպես Շվեդիայի դեպքում, թիմի խաղը մեծապես կախված է լինելու մեկ ֆուտբոլիստի ելույթից: «Ռեալի» կազմում սահմանած ռեկորդները և Չեմպիոնների լիգայի հաղթանակը, իհարկե, տպավորիչ են, սակայն չորրորդ անգամ «Ոսկե գնդակ» ստանալու համար Ռոնալդուն կփորձի փայլել նաև Եվրոպայի առաջնությունում։ Գլխավոր հարցն այն է, թե ինչ տրամադրվածությամբ է Կրիշտիանու Ռոնալդուն մեկնել Ֆրանսիա․ հանգստացող աստղի ֆիզիկական լավ պատրաստվածությա՞մբ, հավաքականի հետ տիտղոս նվաճելու մեծ ցանկությա՞մբ, քանի դեռ տարիքն ամեն բան չի խլել, թե՞ առանց իրեն առանձնապես ոչինչ չանող Պորտուգալիայի հավաքականի խորհրդանիշը լինելու կարգավիճակից հոգնած…

Պորտուգալիան 6-րդ անգամ անընդմեջ է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Նախորդ դեպքերում պորտուգալացիները հաղթահարել են խմբային փուլը, իսկ լավագույն արդյունքը գրանցվել է 2004 թվականին, երբ թիմը եզրափակչում նվազագույն հաշվով պարտվեց Հունաստանին: Տեսնենք՝ Ռոնալդուն ու թիմակիցներն ի՞նչ արդյունք կգրանցեն այս անգամ։

Ավստրիա

Նախընտրական փուլում 9 անընդմեջ հաղթանակներն ապացուցեցին, որ Ավստրիան Եվրոպայի թերագնահատված հավաքականներից է: Մարսել Կոլլերի ղեկավարությամբ հավաքականը, կարելի է ասել, կես դարվա ընթացքում լավագույն խաղն է ցույց տալիս: Թիմի առաջատարը Դավիդ Ալաբան է, բայց չենք մոռանում Մարկ Յանկոյին: Նախընտրական փուլում թիմի լավագույն ռմբարկուն հենց Յանկոն էր: Անընդհատ շարժման մեջ լինելն ու առաջընթացը հավաքականի հիմնական հաջողությունն են ու դրա շնորհիվ Ավստրիան Ֆրանսիայում շատերին կարող է զարմացնել:

Իսլանդիա

Հնարավոր է, որ իսլանդացիների կազմում երկրպագուներին ծանոթ միակ ֆուտբոլիստը «Սուոնսիից» Գիլֆի Սիգուրդսոնն է: Ամբողջ օրը միայն ֆուտբոլ դիտող երկրպագուները ծանոթ կլինեն նաև Արոն Գուննարսոնին ու Կոլբեյն Սիգտորսոնին: Չի կարելի ասել, որ նրանք պատահաբար են հայտնվել Ֆրանսիայում: նախընտրական փուլում Իսլանդիայի մրցակիցներն էին Թուրքիան ու Հոլանդիան: 323. 002 բնակչություն ունեցող Իսլանդիան Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մասնակից ամենափոքր երկիրն է: Հաջողությունը հնարավոր դարձավ մարզչական կազմի աշխատանքի ու թիմի ներքին մթնոլորտի շնորհիվ: Ճիշտ է, առանց պետական աջակցության նման արդյունքի հասնել հնարավոր չէ: Իսլանդիայում 2000-ից արհեստական խոտածածկով բազմաթիվ դաշտեր են բացվել: Դրա շնորհիվ հիմա հնարավոր է ավելի շատ ֆուտբոլ խաղալ նույնիսկ այն եղանակին, երբ նախկինում հնարավոր չէր:

Հունգարիա

Սպասումը երկարատև էր, բայց վերջապես ավարտվեց: Հունգարիան 30 տարի խոշոր մրցաշարերի չէր մասնակցել ու այս անգամ էլ բախտը չէր ժպտա, եթե առաջնությունն ընդլայնված չլիներ, իսկ նախընտրական փուլում Հունաստանը չխայտառակվեր։ Թիմը բավականին հաճելի ֆուտբոլ է ցուցադրում, շեշտադրումը հիմնականում դնում է մարտավարության վրա: Նախընտրական փուլի ընցացքում հունգարացիներին երեք մարզիչ է ղեկավարել․ արդյունքում նրանք Ֆրանսիայի ուղեգիր նվաճեցին՝ անցումային խաղում հաղթելով Նորվեգիային։ Ֆերենց Պուշկաշի կամ Լասլո Կուբալայի պես վառ դեմքեր թիմում չկան, բայց փոխարենը գրեթե բոլորը գնահատում են դարպասապահ Գաբոր Կիրային։

Խաղ, որն անպայման պետք է դիտել
Պորտուգալիա-Ավստրիա

Ավստրիան նախընտրական փուլի ամենազարմանալի հավաքականներից էր: Նրանք կարողացան շրջանցել բոլոր մրցակիցներին ու լավ հնարավորություն ունեն պահպանելու այդ տեմպը: Հունիսի 18-ին նրանք կհանդիպեն խմբի ֆավորիտներից մեկին: Տրամաբանորեն նրանցից յուրաքանչյուրն այդ խաղից կարող է 3 միավոր վաստակել, բայց եթե որևէ մեկն առաջին տուրում ձախողի, ապա այդ խաղը հակամարտող թիմերի համար կյանքի ու մահվան հարց կդառնա:

Անհատական գլխավոր հակամարտությունը
Կրիշտիանու Ռոնալդուն Մարկո Արնաուտովիչի դեմ

Բարձրահասակ ու ամրակազմ հարձակվողական ոճի այս կիսապաշտպանն անհատական տպավորիչ կարողություններ ունի, սակայն դրանք խաղում օգտագործելու հարցում երբեմն նրան հոգեբանական խնդիրներն են խանգարում։ Շատ հետաքրքիր կլինի Եվրոպայի առաջնության պես մեծ բեմում հետևել նրան, հատկապես, երբ նա Ռոնալդուի հետ նույն խոտածածկին է լինելու: Ավստրիացին «Սթոքի» կազմում հիանալի է անցկացրել մրցաշրջանի երկրորդ կեսն ու կարող է հավաքականի առաջատարներից մեկը դառնալ: Ռոնալդուն էլ պետք է կարևորագույն խաղերում ստվերում չմնա։ Այնպես որ՝ բարդ է ասել, թե առաջնության ընթացքում կամ սկզբի համար խմբային փուլում նրանցից ով է ավելի վառ փայլելու:

Հավաքականների հավանական կազմերը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախորդ հրապարակումները՝

Խմբային փուլի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում