Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ Պելեն և Մարադոնան հաշտվել են

Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ Պելեն և Մարադոնան հաշտվել են

Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ Փարիզում Պելեի և Մարադոնայի մասնակցությամբ կայացել է «Ընկերության խաղ»։ «ESPN FC»-ից տեղեկանում ենք, որ խորհրդանշական հանդիպմանը մասնակցել են նաև Դավիդ Տրեզեգեն, Մատերացին, Ֆերրարան, Անջելո Պերուցին, Կլարենս Զեեդորֆը, Բեբետոն, Ռիո Ֆերդինանդը, Դիդան, Էրնան Կրեսպոն, Ֆերնանդո Յիերոն։ Հանդիպումն ավարտվել է 8։8 հաշվով։

Վերոնշյալ պարբերականը գրում է, որ հանդիպումից առաջ լեգենդար Պելեն ու Մարադոնան հաշտվել են, իսկ հետո իրենց հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություններ են տվել։

«Այլևս ոչ մի մրցակցություն։ Ցանկանում եմ ամեն ինչի համար շնորհակալություն հայտնել Պելեին։ Բոլորս գիտենք՝ ով է նա և ինչպիսին կլինի միշտ։ Ֆուտբոլին պետք են նրա նման խորհրդանիշներ»,-ասել է Մարադոնան։

«Ամենակարևորը խաղաղությունն է։ Ես շատ շնորհակալ եմ Մարադոնային նման հնարավորության համար»,-ասել է Պելեն։

Նշենք, որ Պելեի և Մարադոնայի հարաբերությունները լարված են եղել 2000 թվականից, երբ ՖԻՖԱ-ն XX դարի լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար քվեարկություն է անցկացրել։ Համացանցային քվեարկությունում հաղթել է Մարադոնան, իսկ ՖԻՖԱ-ի պաշտոնական ամսագրի ընթերցողները քվեարկել են Պելեի օգտին։ ՖԻՖԱ-ն որոշել է մրցանակը հանձնել երկուսին էլ, սակայն Մարադոնան հայտարարել է․ «Իմ օգտին ժողովուրդն է քվեարկել, իսկ Պելեի օգտին քվեարկել են ճնշման արդյունքում», և չի վերցրել մրցանակը։

Հետո Մարադոնան Պելեին մեղադրել է թիմակից Գարինչային չօգնելու համար․ «Պելեն թողել է, որ ընկերը մեռնի աղքատության և տանջանքների մեջ»,-ասել է Մարադոնան։ Այդ հայտարարությունից հետո Պելեն նշել էր, որ Մարադոնան պարզապես հիվանդ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում