Սփյուռքի նախարարությունը հեռակոնֆերանս է անցկացրել Լիբանանի հայ համայնքի կառույցների հետ

Սփյուռքի նախարարությունը հեռակոնֆերանս է անցկացրել Լիբանանի հայ համայնքի կառույցների հետ

ՀՀ սփյուռքի նախարարությունում հունիսի 10-ին տեղի է ունեցել հեռակոնֆերանս Լիբանանի հայ համայնքի ազգային, հոգևոր, մշակութային և երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Բեյրութից կապ են հաստատել Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, ՀՀ դեսպանության հյուպատոս Աշոտ Վարդանյանը, ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Մարո Ներսիսյանը, դեսպանատան աշխատակիցներ, Լիբանանի հայ համայնքի ազգային, հոգևոր, մշակութային և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ:

Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել համայնքին բարձր կազմակերպվածության, համահայկական ծրագրերին և ազգաշահ ձեռնարկներին ակտիվ մասնակցելու համար:

Նա անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևն ընդունելու փաստին և նշել. «Ճանաչելով իր մեղսակցությունը՝ Գերմանիան օրինակ ծառայեց Թուրքիային: Այս ճանաչումը նաև նախադեպ դարձավ այլ ազգերի ցեղասպանությունների ճանաչման համար: Դեռ երկար ժամանակ կպահանջվի՝ լիարժեք վերլուծելու ընդունված փաստաթուղթը և, կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե Լիբանանում նույնպես կազմակերպվի քննարկում այս թեմայով»:

Նախարարը խոսեց Բունդեսթագի որոշման վերաբերյալ Թուրքիայի իշխանությունների ոչ համարժեք արձագանքի մասին. «Ցավոք, Թուրքիան շարունակում է ճնշումներ գործադրել ազգային փոքրամասնությունների հանդեպ»:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմին՝ գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Արցախը գրավելու Բաքվի ծրագրերը տապալվեցին մեր բանակի արագ համախմբման և հզոր հակահարված տալու շնորհիվ: «Մենք տեսանք Թուրքիայի անթաքույց աջակցությունը ադրբեջանական այս նոր ագրեսիային: Ցավոք, մեր հաղթանակը շուրջ հարյուր մարդու կյանք արժեցավ: Նրանցից ամեն մեկի կորուստն անդառնալի ցավ է մեզ համար»,- ասել է նա:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Սփյուռքի բոլոր համայնքներին՝ Արցախին աջակցելու համար. «Մեծ էր նաև Լիբանանի հայ համայնքի համախումբ օգնությունն Արցախին: Արցախն իր թիկունքում զգաց հզոր Սփյուռքի ներկայությունը»:

Այնուհետև նախարարը խոսեց Հայաստանում հաստատված սիրիահայերի խնդիրների մասին և ընդգծեց, որ մեր հայրենակիցներն իրենց հետ աշխատանքի նոր մշակույթ բերեցին Հայաստան. «Սիրիահայերի կրթական, մշակութային և սոցիալական ինտեգրման խնդիրներն ամբողջությամբ լուծված են, միայն տնտեսական ինտեգրման հարցում ունենք որոշակի դժվարություններ»:

Շնորհակալություն հայտնելով հեռակապի միջոցով անմիջական շփում հաստատելու հնարավորության համար՝ դեսպան Սամվել Մկրտչյանը բարձր է գնահատել նման ձևաչափով համայնքների հետ կապերն ամրապնդելու և առկա խնդիրները լուծելու Սփյուռքի նախարարության աշխատաոճը. «Մենք անպայման ի նկատի կունենանք Ձեր բոլոր դիտողություններն ու առաջարկները, հատկապես նախարարության ծրագրերին առավել ակտիվ մասնակցելու ուղղությամբ»:

Այնուհետև հեռակոնֆերանսի մասնակիցները քննարկել են համայնքային խնդիրներին, «Արի տուն» ծրագրին, «Սփյուռք» ամառային դպրոցին, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին և նախարարության մյուս ծրագրերին Լիբանանի հայ համայնքի մասնակցության հետ կապված մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում