Եվրո-2016․ Անգլիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի հետ (տեսանյութ)

Եվրո-2016․ Անգլիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի հետ (տեսանյութ)

Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Անգլիայի հավաքականը չկարողացավ հաղթել Ռուսաստանին։

Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսն անցավ անգլիացիների խաղային և տարածքային զգալի առավելությամբ։ Ռոյ Հոջսոնի սաները խաղակեսը մեծամասամբ անցկացրին մրցակցի կիսադաշտում, սակայն Իգոր Ակինֆեևի դարպասի ուղղությամբ կատարած հարվածները նպատակին չհասան։

Երկրորդ խաղակեսում պատկերն էականորեն չփոխվեց, սակայն անգլիացիների դիրքային գրոհները կրկին չէին ավարտվում գոլով։ Այն, ինչ չստացվեց դիրքային գրոհների ժամանակ, Էրիկ Դայերն արեց տուգանային հարվածով․ 73-րդ րոպեին Դայերը դարձավ հիանալի գոլի հեղինակ։

Այդուհանդերձ, Ռուսաստանի հավաքականին հաջողվեց խուսափել պարտությունից․ ավելացրած ժամանակում պատասխան գոլի հեղինակ դարձավ Դենիս Գլուշակովը (ՈւԵՖԱ-ն գոլը գրանցել է Գլուշակովի ակտիվում)։

Հիշեցնենք, որ B խմբի մյուս խաղում Ուելսը 2։1 հաշվով հաղթել է Սլովակիայի հավաքականին։ Երկրորդ տուրում Անգլիայի հավաքականը մրցելու է Ուելսի հետ (հունիսի 16-ին), Ռուսաստանը՝ Սլովակիայի (հունիսի 15-ին)։

Եվրո-2016, խմբային փուլ, առաջին տուր, B խումբ

Անգլիա – Ռուսաստան՝ 1։1
Գոլերը՝ Դայեր 73′ – Գլուշակով 90+2′

Հետևեք մեզ նաև Telegram-ում