Ռունին ու Հոջսոնը երկրպագուներին խնդրել են դադարեցնել անկարգությունները

Ռունին ու Հոջսոնը երկրպագուներին խնդրել են դադարեցնել անկարգությունները

Անգլիայի հավաքականի գխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնն ու հարձակվող Ուեյն Ռունին հավաքականի երկրպագուներին կոչ են արել դադարեցնել խուլիգանական արարքները և չվնասել ազգային թիմին։ Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընթացքում բազմաթիվ անկարգություններով աչքի ընկած անգլիացի երկրպագուները խմբային փուլի առաջին՝ Ռուսաստանի դեմ խաղից հետո ծեծկռտուք էին սարքել մրցակցի երկրպագուների հետ։ ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ խուլիգանությունների շարունակման դեպքում երկու հավաքականներն էլ կարող են հեռացվել մրցաշարից։

-Կցանկանայի շնորհակալություն հայտնել Անգլիայի երկրպագուներին Ռուսաստանի դեմ խաղում հիանալի աջակցության համար։ Առջևում մեզ սպասվում է Ուելսի դեմ կարևորագույն հանդիպում։ Ուզում եմ դիմել մեր երկրպագուներին։ Տղե´րք, խնդրում եմ, եթե դուք չունեք Լանսում կայանալիք հանդիպման տոմս, ապա պետք չէ այնտեղ գնալ։ Իսկ տոմսեր ունեցողներին կասեմ հետևյալը. պահպանե´ք կարգը, մնացեք անվտանգության մեջ և շարունակեք այդպես աջակցել մեզ։ Շնորհակալ եմ,-ասել է Ռունին։

-Իհարկե, ինձ շատ է անհանգստացնում այն սպառնալիքը, որը կախվել է մեր հավաքականի գլխին երկրպագուների պահվածքի պատճառով պատժամիջոցների տեսքով։ Մենք հսկայական աշխատանք ենք կատարել այստեղ հասնելու համար, շատ կուզենայինք այստեղ մնալ։ Այդ պատճառով էլ կուզենայի խնդրել բոլոր անգլիացի երկրպագուներին զսպվածություն դրսևորել և կոնֆլիկտներ իմեջ չմտնել։ Մենք գնահատում ենք ձեր աջակցությունը, և այդ դեպքում կանենք մեր ուժերի ներածի չափով ամեն ինչ մրցաշարում հաջող ելույթ ունենալու համար,-Հոջսոնի խոսքն է մեջբերում «Mirror»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում