Կողմերի պահանջները չեն փոխվել. ոստիկանապետը բանակցություններին չի մասնակցում. Հունան Պողոսյան. Ուղիղ
Նմանատիպ
Իրավիճակը մնում է նույնը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ նշելով, որ տևական բանակցությունների արդյունքում ազատ է արձակվել պատանդ վերցված մեկ ոստիկան և մեկ քաղաքացիական անձ՝ շտապօգնության մեքենայի վարորդ:
Նրա խոսքով` իրավապահ մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են և պատշաճ ժամկետներում կտրվի լրացուցիչ տեղեկություն: Ըստ նրա՝ դեռևս հինգ ոստիկան «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից պատանդ է պահվում:
«Մեր և իրենց պահանջների պահով առայժմ ոչինչ չի փոխվել: Մեր պահանջը ձեզ ծանոթ է՝ ազատ արձակել բոլոր պատանդներին, դադարեցնել իրավիճակի սրումը և ապակայունացումը, հանձնվել իշխանություններին»,-ասաց նա՝ նշելով, որ ՀՀ ոստիկանապետը բանակցություններին չի մասնակցում. նա դեպքի ամենասկզբից մինչև այժմ համապատասխան վայրից է ղեկավարում բոլոր գործողությունները, իսկ բանակցությունները վարում է կոնտակտային սպա:
Հունան Պողոսյանը նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանին բանակցություններում ներգրավելու հարց չի քննարկվում:
«Փոխզիջումների գնալու տարբերակը պետք է լինի երկուստեք. եթե նրանց կողմից կլինի համապատասխան քայլ, ադեկվատ պատասխան կլինի նաև մեր կողմից»,-ընդգծեց փոխոստիկանապետը՝ վստահեցնելով, որ Ոստիկանությունը և իրավապահ ողջ համակարգն ի վիճակի է ձեռնարկել օրենքով թույլատրելի բոլոր միջոցառումները:
Ուղիղ միացումը` Azatutyun.am-ի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում