Սարի թաղում բախում է տեղի ունեցել. չորս վիրավոր ոստիկան կա՝ ոչ հրազենային (թարմացվող, տեսանյութ)
Նմանատիպ
22:11
«Թյուրիմացություն է եղել. պարզվեց, որ Սարի թաղից մի խումբ բնակիչներ փորձել են գալ և մտնել գրավված ՊՊԾ գունդ տանող պահպանվող տարածք՝ փորձելով անցնել ոստիկանական պատնեշը: Ոստիկանները թույլ չեն տվել և քաղաքացիները քարեր ու այլ առարկաներ են նետել ոստիկանների վրա: Չորս վիրավոր ոստիկան կա՝ ոչ հրազենային: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց», – ասաց Նիկոլ Փաշինյանը, ով փոխոստիկանապետ Սամվել Հովհանիսյանի հետ մտավ պահպանվող տարածք:
21:10
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում կրակոցներ են լսվել: Շտապօգնության մեքենաների շարժն այդտեղ հավաքված ցուցարարների մոտ տպավորություն ստեղծեց, թե ներսում գրոհ է եղել «Սասնա ծռեր» խմբի անդամների դեմ, ինչը լարվածություն առաջացրեց Խորենացի փողոցում:
Խմբավորման անդամներից Վարուժան Ավետիսյանը հեռախոսակապի միջոցով վստահեցրեց, որ կրակոցներն արձակողը հենց իրենք են եղել՝ ի պաշտպանություն դրսում հավաքվածների, քանի որ թվացել է, թե ժողովրդի նկատմամբ ուժ է կիրառվում:
Իրավիճակը գրեթե վերահսկողությունից դուրս էր գալիս, երբ դեպքի վայր ժամանեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և իր հերթին պնդեց. «Ներսում որևէ բախում չի եղել, ես նոր զանգեցի և Վարուժան Ավետիսյանի հետ խոսեցի, և ինքը ասեց հետեւյալը. կրակոցների հեղինակներն իրենք են, օդ են կրակել՝ բողոքելու, որ ոստիկանությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառում: Հետևաբար, այն տարածվող լուրերը, թե բախում է տեղի ունեցել, իրականությանը չի համապատասխանում: Այսինքն՝ ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբի անդամների միջև փոխհրաձգություն չի եղել»:
Նշված հավաստիացումներից հետո, այնուամենայնիվ, եղան անհավատներ, որոնց Փաշինյանը հորդորեց՝ չտարածել չճշտված լուրեր:
Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձն՝ այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում