Խորենացի փողոցում բախումների հետևանքով կա 45 տուժած՝ 25-ը ոստիկան (լրացված, տեսանյութ)
Նմանատիպ
1:04
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական բաժնից, տուժածներից 18-ը տեղափոխվել է շտպօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն։ Նախարարությունը հայտնում է, որ բուժօգնությունը ցուցաբերվում է ամբողջական ծավալով և ժամանակին, իսկ առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում։
22:30
Չնայած ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հորդորին, որ Սարի թաղ գնալ-վերադառնալուց հետո կփորձի լուծել Սասնա ծռեր» խմբին սնունդ փոխանցելու հարցը, պատգամավորի հեռանալուց հետո ցուցարարները սկսեցին պահանջել, որ այդ խնդիրը լուծվի անհապաղ՝ վանկարկելով «հիմա», «հիմա»։ Եվ այդ պահին պատասխան չստանալով կրքերը թեժացան և բախումներ սկսվեցին ոստիկանների և ցուցարարների միջև: Քաղաքացիները ոստիկանների ուղղությամբ քարեր և շշեր էին նետում, ոստիկանությունն իր հերթին հատուկ միջոցներ կիրառեց: Քիչ ուշ Նիկոլ Փաշինյանը վերադարձավ.
«Ակնհայտ սադրանք է տեղի ունեցել. ես ասում եմ` պատգամավոր եմ, քարեր են շպրտում: Ես ասեցի` ոչինչ չանեք, գնում եմ Սարի թաղ, հետ գամ, չհասած Սասունցի Դավիթ, ինձ ասացին, որ այստեղ բախումներ են»,– ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ազատության լրագրողի հարցին` կա՞ն վիրավոր ոստիկաններ, փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը պատասխանեց` «Շատ»:
21:32
Խորենացի փողոցում հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հիշատակը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր ՊՊԾ գնդում գտնվող Վալերի Օսիպյանը, Վարդան Եղիազարյանը և ևս երկու ոստիկան «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ միասին նույնպես զինվորական կարգով հարգանքի տուրք են մատուցել գնդապետի հիշատակին:
««Սասնա ծռեր» խմբի անդամները մարտական զենք են տվել Վալերի Օսիպյանին, Վարդան Եղիազարյանին ու մյուս ոստիկաններին, որով նրանք միասին օդ են կրակել ու զինվորական կարգով հարգել գնդապետ Վանոյանի հիշատակը: Այս ֆոնին լրատվության մեջ հնչում են հայտարարություններ, թե ահաբեկիչ, ահաբեկչություն…, որոնք չեն նպաստում այս իրավիճակի ոչ ուժային հանգուցալուծմանը: Ահաբեկիչը հարգանքի տուրք չէր մատուցի, ահաբեկիչն իր պատանդին մարտական զենք չի տալիս և ասում՝ արի մեր հայրենակցի հիշատակը հարգենք»,- ընդգծեց նա՝ պնդելով, որ իրավիճակը պետք է հանգուցալուծվի առանց զոհերի՝ անկախ նրանից, թե ինչ-ինչ հարցերի շուրջ ով ինչպես է մտածում:
Նիկոլ Փաշինյանն այնուհետ անդրադարձավ գնդում գտնվողների սննդի խնդրին՝ նշելով, որ «Սասնա ծռեր»-ի տղաները համաձայնել են, որ ինքն իր պատասխանատվությամբ սնունդ գնի և հասցնի իրենց: Ըստ նրա՝ նման ժեստերը դրական ֆոն են ստեղծում: Առհասարակ, պատգամավորի խոսքով, բոլոր կողմերը՝ ոստիկանություն, ցուցարարներ, «Սասնա ծռեր» պետք է աշխատեն այս ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում