20.000 դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման (տեսանյութ)

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 20.000 դոլարի չափով կաշառք վերցնելու մեջ մեղադրվող նույն դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին դատապարտել է 8 տարվա ազատազրկման:

Խ.Խաչատրյանի պաշտպան  Կարեն Թումանյանը կայացված դատական ակտը գնահատում է ապօրինի և անարդար:

«Ավելի քան 20 ամիս կատարված նախաքննությամբ և դատաքննությամբ հիմնավորվեց, որ դատավորը ոչ թե կաշառք չի վերցրել, այլ ԱԱԾ մարմիններն անձական կամ այլ դրդապատճառներով իրենց գործակալի միջոցով պրովոկացիայի են ենթարկել դատավորին:

Դատական համակարգը, այս ամենը հասկանալով, ոչ միայն չփորձեց պահել դատական համակարգի արժանապատվությունը, այլ էլ ավելի ստորացնելով դատական համակարգը օրինկանացրեց ԱԱԾ-ի կողմից իրականացրած անօրինականությունները:

Բոլորի համար ակնհայտ դարձավ, որ դատավորը չէր կարող 3 ամիս գործը հետաձգելու համար պահանջեր և ստանար 20,000 ԱՄՆ դոլլար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Թումանյանը:

Հիշեցնենք, որ 2014-ի դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել էր ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը:

Ըստ մեղադրանքի` Խ. Խաչատրյանը իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով, նրա օգտին գործողություններ կատարելու համար, պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում