Մենք ունենք միջոցներ, որ անակնկալի կբերենք հակառակորդին. Մնացականյան (տեսանյութ)
Նմանատիպ
Ապրիլյան գործողությունները և դրա ժամանակ նոր զինատեսակի կիրառումը որոշակի ազդեցություն ունեցել են Զինված ուժերի մարտավարական հնարավորությունների և հոգեբանության վրա: Այդ մասին «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ հայտարարել է ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմից քաղած դասերին: Նախարարը վստահեցրել է, որ ապրիլյան պատերազմից հետո ահռելի աշխատանք է տարվել առաջնագծում տեխնիկական հագեցվածության ուղղությամբ. «Հիմնական մեր ուղղվածությունը եղել է տեխնիկական հագեցվածությունը՝ ինչպես առաջնային գծի, հետախուզության, կապի միջոցների, այնպես էլ զորամասերի և ստորաբաժանումների ղեկավարման գործում: Մենք որոշակի աշխատանքներ ենք իրականացրել նաև անձնակազմի կենցաղի բարելավման ուղղությամբ: Մեր հիմնական շեշտը դրվել է տեխնիկական միջոցների հագեցվածությանը՝ բոլոր ուղղություններով», -նշել է Մնացականյանը՝ հավելելով, որ ամեն ինչ արվում է, որ սահմանին տեղադրվող և նաև օգտագործվող տեխնիկական սարքավորումները լինեն տեղական արտադրության՝ հաշվի առնելով շահագործման, վերանորոգման և գաղտնիության պահպանման հետ կապված հարցերը:
Անդրադառնալով զինծառայողների պայմանների ապահովման հարցին, մասնավորապես առաջնագծում ջրի խնդրին, գեներալ-լեյտենանտը նշել է. «Ջրագիծը հասցվել է մինչև առաջնագիծ, այդ աշխատանքներն ունենալու են շարունակական բնույթ, ինչ վերաբերում է սնուցման հարցը լուծելու ագրեգատներին, իրոք, մենք էլ ունենք նմուշներ, աշխատանքները շատ մեծ թափ են հավաքել ու շարունակական են, այդ առումով մենք բավականին բարելավում ունենք և՛ ապահովման, և՛ տեխնիկական միջոցների սնուցման հարցերում»:
ՊԲ հրամանատարը թույլատրելիության սահմանում խոսել է նաև հետախուզական խորքային համակարգի մասին և ընդգծել, որ այդ սարքը ճակատագրական նշանակություն է ունեցել. «Արդյունքում հակառակորդին չի հաջողվել իրականացնել իր ծրագրերը, խոսքը հիմնականում վերաբերում է հյուսիսային ուղղությանը: Կրկին նշեմ, որ այդ աշխատանքները շարունակական են, գտնվում են մեր ղեկավարության ուշադրության կենտրոնում, մենք համագործակցում ենք մեր համապատասխան մասնագետների հետ»:
Հակադարձմանը՝ եթե Աստված մի արասցե հարձակում լինի, մեր բանակը, ԼՂՀ ՊԲ-ն, որքանո՞վ է պատրաստ դիմակայելու, գեներալը վստահեցրել է՝ եթե նման գործողություններ վերսկսեն, ՊԲ-ն ի զորու է կատարել իր առջև դրված խնդիրները, ինչն արել է ապրիլյան պատերազմում. «Ապրիլյան պատերազմում ՊԲ-ն կատարել է իր առջև դրված խնդիրները: Աստված մի արասցե, եթե նման գործողություններ վերսկսեն՝ ՊԲ-ն ի զորու է կատարել այն խնդիրները, որոնք դրված են իր առջև: Մի առիթով ասել եմ՝ բացի պաշտպանողական բնույթի գործողություններից, ես նշեցի, որ կան այլ բնույթի գործողություններ, որ կստիպեն հակառակորդին զերծ մնալ իր մտադրություններից: Վստահեցնում եմ, որ այսօր ՊԲ-ն իր հզորությամբ, միջոցներով ի վիճակի է կատարելու ամեն կարգի խնդիր»:
Այս համատեքստում Լևոն Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը շարունակում է ձեռք բերել նոր զինատեսակներ և հավելել.«Ապրիլյան գործողություններից հետո նորովի բացահայտեցինք և գնահատեցինք մեր ռազմարդյունաբերության ներուժը: Չէի ցանկանա ծավալվել, բայց ասեմ, որ մենք ունենք միջոցներ և աշխատում ենք այդ ուղղությամբ, որ անակնկալի կբերենք հակառակորդին, անհրաժեշտության դեպքում խոցում կիրականացվի մեր համար անհրաժեշտ ուղղություններում և դրանով իսկ մենք կապահովենք մեր ստորաբաժանումների կողմից խնդիրների կատարումը, և մեր հնարավորությունները, ներուժն այնպիսին է, որ կթույլատրի ապագայում ևս մեր ռազմատեխնիկական առաջընթացը ԶՈՒ-ում և ՊԲ-ում»:
Ըստ նրա՝ Ադրբեջանը փոքր ստորաբաժանման խնդիր է կատարել և ձախողվել. նրանց զոհերի հիմնական մասը եղել են հատուկ ջոկատայիններ: Հարցին՝ թե ապրիլյան պատերազմի օրերին բանավոր հրադադարը չի բխել մեր շահերից, Մնացականյանն արձագանքել է՝ պատերազմը քաղաքականության շարունակությունն է և այն է որոշում հաճախ պատերազմի ընթացքն ու ելքը:
«Մենք կողմնակից լինելով հարցի խաղաղ լուծմանը և հաշվի առնելով, որ ՊԲ-ն կատարել է իր առջև դրված խնդիրները, մենք տվել ենք մեր համաձայնությունն այդ զինադադարի հաստատմանը: Բայց ես նշել եմ մի հարցազրույցում՝ պատրաստ էինք այլ բնույթի խնդիրների»,-ընդգծել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Հետևեք մեզ նաև Telegram-ում