Լևոն Ալթունյանը ծանոթացել է Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատանքին

Լևոն Ալթունյանը ծանոթացել է Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատանքին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ, ծանոթացել իրականացվող և արդեն կյանքի կոչված ծրագրերին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «20 տարվա ընթացքում իրականացված ծրագրերը հիմնված են եղել երկրի առաջնահերթ կարիքների, ինչպես նաև կառավարության գերակա և ռազմավարական ծրագրերի վրա։ Արդյունքում օպտիմալացվել է հանրապետության առողջապահական համակարգը` հիվանդանոցների թիվը 111-ից հասցնելով 87-ի։ Մարզային 14 հիվանդանոց արդիականացվել է, որից 2-ը` Գյումրու և Մեղրու բժշկական կենտրոնները, կառուցվել են հիմքից։ Այս հիվանդանոցների որակյալ և մատչելի ծառայություններից կարող է օգտվել մարզերի շուրջ 830 հազար բնակչություն։

Լուրջ առաջընթաց է արձանագրվել մարզերի առողջության առաջնային օղակում։ Առաջնորդվելով երկրի որդեգրած ռազմավարություններով և զարգացման տեսլականով` ծրագրերն իրականացվել են երկու ուղղությամբ։ Անցած տարիների ընթացքում Համաշխարահային բանկի վարկային ծրագրով կառուցվել և վերանորոգվել է 173 գյուղական ամբուլատորիա և առողջության կենտրոն, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող բոլոր ամբուլատորիաները հագեցվել են բժշկական սարքավորումներով, գույքով և պարագաներով։

Ծրագրի շրջանակում միաժամանակ վերապատրաստման դասընթաց է անցել 1676 ընտանեկան բժիշկ և 1804 բուժքույր։ Արդյունքում գյուղական բնակավայրերի 630 հազար բնակչության համար առաջնային օղակում ապահովվել է պատշաճ բժշկական սպասարկում։

Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետները նախարարին ներկայացրել են նաև առկա խնդիրները։ Մասնավորապես, ժամանակի ընթացքում փոխվել են մոտեցումներն ու պահանջները, հետևաբար համակարգում հետագա օպտիմալացման անհրաժեշտություն է առաջացել։ Դեռևս մտահոգիչ է բժշկական կադրերի անհամաչափ բաշխվածությունը Երևանում և մարզերում, ինչպես նաև` մարզերի ներսում։ Բարելավման կարիք ունի արդիականացված մարզային առանձին հիվանդանոցների կառավարումը։ Դեռևս առկա է գյուղական շուրջ 40-50 ամբուլատորիաների ենթակառուցվածքների բարելավման խնդիր։

Լևոն Ալթունյանը հետաքրքրվել է, թե ինչ մեթոդաբանությամբ են գնահատվում իրականացված ծրագրերի արդյունավետությունը թե՛ ֆինանսապես, թե՛ բժշկական ծառայությունների որակի, մատչելիության և դիմելիության ցուցանիշներով։ Նախարարին ներկայացվել են այդ ուղղությամբ գրասենյակի խմբերի կողմից կատարված ուսումնասիրությունները, ինչպես ըստ մարզերի, այնպես էլ` ըստ առանձին հիվանդանոցների։

Նախարարը հանձնարարել է առանձին հանդիպում կազմակերպել` իրականացված բոլոր ծրագրերի արդյունավետության գնահատման ուսումնասիրություններին առավել մանրամասն ծանոթանալու համար։

«Մենք պետք է համատեղ խորը վերլուծություն կատարենք, որպեսզի մեր ունեցած գումարներով և ներուժով կարճ ժամանակում կարողանանք հասնել շոշափելի արդյունքների»,- ասել է Լևոն Ալթունյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում