Արիանե Կաոիլին բարեգործական խաղի սեանս անցկացրեց

Արիանե Կաոիլին բարեգործական խաղի սեանս անցկացրեց

Երևանի Ինթերնեյշնլ Ռոտարի Ակումբի նախաձեռնությամբ շախմատի միջազգային վարպետ, Ֆիլիպինների և Ավստրալիայի չեմպիոն Արիանե Կաոիլին հոկտեմբերի 12-ին շախմատային միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց շուրջ 40 խաղատախտակի վրա:

Սեանսի նպատակը բարեգործական էր․ Երևանի Ինթերնեյշնլ Ռոտարի Ակումբը նախաձեռնել է «Երևան Ռոտարի այգի-Yerevan Rotary Park» ծրագրի շրջանակներում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող հանրային այգիներից մեկը վերակառուցել և հասանելի դարձնել հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ այն դարձնելով ներառական հանգստի գոտի։

«Իհարկե, սա իմ գաղափարը չէ, սակայն մեծ սիրով միացա նախաձեռնությանը, քանի որ ինքս էլ Երևանի Ինթերնեյշնլ Ռոտարի Ակումբի անդամ եմ։ Ծրագիրը հնարավորություն կտա համատեղելու բոլոր երեխաների կյանքը: Ես ցանկանում եմ, որ ցանկացած տարիքի մարդ առողջ ապրելակերպ վարելու հնարավորություն ունենա»,-սեանսից առաջ ասաց Արիանեն։

Արիանեն ընդգծեց, որ ուրախ է իր մրցակցների շարքում տեսնել երեխաների․ «Երեխաները ինձ համար արժանի մրցակիցներ են։ Բոլորին հաջողություն եմ մաղթում»։

Միաժամանակյա սեանսի անցկացմանը աջակցել է Հայաստանի շախմատի ակադեմիան։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ՄԱԿ-ի հայաստանյան կառույցների և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը, Արիանեի ամուսինը՝ Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը։

 

Հասմիկ Գրիգորյան
Լուսանկարը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ

Հետևեք մեզ նաև Telegram-ում