Ինչպե՞ս արդյունավետ կորցնել ինքնատիրապետումը.․․ Մոուրինյուի պես

Ինչպե՞ս արդյունավետ կորցնել ինքնատիրապետումը.․․ Մոուրինյուի պես

Զայրույթի կառավարման բրիտանական ասոցիացիայի տնօրեն Մայք Ֆիշերը «The Telegraph»-ի հետ զրույցում խոսել է Ժոզե Մոուրինյուի էմոցիոնալ պահվածքի մասին: 

***

«Երազանքի թատրոնի» կենտրոնական տրիբունայում կանգնած երկրպագուները ճչում են հիասթափությունից: Ժոզե Մոուրինյուն զայրացած է: Նրա նոր աստղը՝ Պոլ Պոգբան իր տեղում չէ, թիմի խաղը հեռու է կատարելությունից: Պետք է ինչ-որ բան անել, այն էլ հնարավորինս արագ: Օգնական Ռուի Ֆարիային ուղղված հայացք, զայրույթով լցված պորտուգալերեն ճչոց․․․

Մոուրինյուի հաջորդ զոհը Ջիովանի Սերան է՝ մարզիչ, ով պատասխանատու է խաղադաշտում ֆուտբոլիստների փոխըմբռնման համար: Արագորեն նրան մոտենալով՝ զայրացած Մոուրինյուն թղթեր է դեմ տալիս. զայրույթի պատճառը պարզ է դառնում լուսանկարիչներին, ովքեր հաջող կադրեր են ֆիքսում։

Ափերից դուրս եկած Մոուրինյուն կրկին մամուլի գլխագրերում է, բայց նրա թիմը հաղթահարել է դժվարությունները: Ամեն ինչ մանրակրկիտ մշակված ծրագրի համաձայն է ընթացել: Մոուրինյուն հենց իր զգացմունքների շնորհիվ է տարբերվում մյուսներից: Բեմում․․․ Խաղադաշտում նրան հավասարը պարզապես չկա։

Զայրույթի մասին մեր պատկերացումները կարող են կասկած հարուցել, եթե Ժոզե Մոուրինյուին հետևենք: Արիստոտելյան շրջանում պնդում էին, թե նրբանկատ զայրանալու կարողությունը հատուկ է լավ բնավորություն ունեցող մարդկանց, բայց այսօր զայրույթը դիտվում է որպես թուլության նշան: Իսկ եթե այդ զգացմունքների գիտակցաբար թույլատրումը բերում է հոգեբանական առավելությա՞ն: Ի՞նչ անել, եթե զայրույթի դրական ազդեցությունը հասանելի չէ մյուս, ավելի զուսպ մոտեցումների դեպքում:

«Մարդիկ հաճախ սխալ են մեկնաբանում Մոուրինյուի զայրույթն ու կարծում են, թե դա հանձնվելու նշան է։ Դա ոչինչ չի նշանակում: Հարավային եվրոպացիներն այլ կերպ են արտահայտում իրենց զգացմունքները, իսկ մենք հաճախ սխալ ենք դրանք հասկանում: Մարզչի նման վարքագիծը, խաղով տարված լինելը կարող է խթանել դաշտում գտնվող ֆուտբոլիստներին»,- ասում է Զայրույթի կառավարման բրիտանական ասոցիացիայի տնօրեն Մայք Ֆիշերը:

Վերջին 30 տարում ֆուտբոլիստների, հոլիվուդյան աստղերի և հաջողակ գործարարների հետ աշխատող Ֆիշերը վստահ է, որ զայրույթը ճիշտ օգտագործելու դեպքում թանկարժեք ռեսուրս է:

«Երբ զսպվածությունից և ճարտասանությունից նման ագրեսիվ վարքագծի ենք անցնում, դա կարող է նշմարել մեր թուլությունը։ Մինչդեռ, եթե այդ զայրույթը խաղարկվում է, այն կարող է մոլորեցնել ձեր մրցակցիներին, նրանց թույլ տալ մտածել՝ թե հոգեբանորեն հաղթել են ձեզ: Այդ օրինակը շատ օգտակար է ֆուտբոլում՝ հատկապես, երբ կարևոր է մտքի խաղը։

Կառավարիչների, մարզիչների համար դա թատրոնի պես է. նրանք հասնում են էուսթրեսի (սթրեսի դրական ազդեցությունը մարդու վրա-խմբ․), իսկ երբ խաղն ավարտվում է՝ վերադառնում են իրենց սովորական վարքագծին: Նրանց ներկայացումը խթանում է ֆուտբոլիստներին և միևնույն ժամանակ շփոթեցնում մրցակիցներին: Դա թատրոն է, դրամա, մտերմություն, որ ընդունակ է խթանելու և ոգեշնչելու։ Դա տարբերակ է ասելու խաղացողներին. «Ինձ համար միևնույն չէ: Ես ձեզ հետ եմ և կպահեմ ձեր թիկունքը, ուշադրությանս 100 տոկոսը ձեր կողմն է ուղղված»»,-ասում է Ֆիշերը։

Ինչ խոսք, այս հարցում Ժոզե Մոուրինյուն կատարյալ է․․․

«Պրեմիեր լիգայում շատերը չեն կարող աշխատել այդպիսի մարդու հետ: Շատերը դժվարանում էին աշխատել նաև Ֆերգյուսոնի հետ։ Հիշո՞ւմ եք Բեքհեմի խաղակոշիկի պատմությունը: Իրականում ֆուտբոլիստներին դա դուր էր եկել, նրանք լիցքավորվել էին դրանից»,-ասում է Ֆիշերը։

Արսեն Վենգերը փիլիսոփայի տիպիկ օրինակ է ու Մոուրինյուի լիակատար հակապատկերը․

«Մոուրինյոն ու Վենգերն անձերի բախում են, նրանք մարզչական ոճերի տարբեր ծայրերում են։ Ֆուտբոլում կրքի և ագրեսիայի մեջ սահման կա, կարևոր է դրանց միջինը գտնել, հակառակ դեպքում կարող ես քննադատությունների առիթ տալ: Սա հաճախ խնդիր է Վենգերի համար: Նա քննադատությունները սրտին շատ մոտ է ընդունում, իսկ Մոուրինյուն դրամա է սիրում՝ նրան հարմար է լարվածության և մարտահրավերների մեջ»,-համոզված է Ֆիշերը։

Անվերահսկելի զայրույթն իր հերթին կարող է վտանգավոր լինել: Քանի դեռ Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Սեմ Էլարդայսը զբաղված է դաշտից դուրս առաջացած խնդիրներով, Ֆիշերը վստահ է, որ դաշտի եզրին «պայթելու» նրա սովորությունը Մոուրինյուի թատերական պոռթկումների հակառակ ազդեցությունն է թողնում:

«Բնավորության բացարձակ տարբեր տիպեր են։ Ֆուտբոլիստները հուսահատվում են տեսնելով, որ մարզիչը կենտրոնացած չէ, և չեն զգում նրա աջակցությունը: Դա ցույց է տալիս, որ մարդը կորցրել է կատարվելիքի նկատմամբ վերահսկողությունը»,-վստահեցնում է զայրույթի մասնագետը։

Եթե Մոուրինյուի վարքագիծը կարելի է բացատրել սպորտի առանձնահատկություններից ելնելով, զայրույթի և խառնվածքի մասին անվերջ քննարկումներ են ծավալվում նաև քաղաքական դաշտում: Թարմ օրինակ՝ ԱՄՆ-ում պատրաստվում են նախագահական ընտրություններին, և թեկնածու Դոնալդ Թրամփը հաճախ իր ելույթների ընթացքում օգտագործում է զայրույթը: Սա բուռն քննարկումների առիթ է դառնում համաշխարհային հարթակում:

«Այդ զգացումը վարակիչ է։ Եթե լսում եք մեկին, ով արտահայտում է իր զայրույթը, անգամ հանգիստ լինելով՝ կարող եք վախի, զայրույթի ու հիասթափության զգացում ունենալ»,-ասում է Ֆիշերը։ 

Կասկած չկա, որ մարզաշխարհում զայրույթն իսկապես շատ արդյունավետ կարող է լինել: Մինչդեռ այնտեղ, որտեղ խաղասեղանին մարդու կյանքն է դրված, այն կարող է կրակի հետ խաղի վերածվել:

Վերջում հարկ է մեջբերել անգլիացի բանաստեղծ Ֆրենսիս Կուորլսի խոսքերը. «Զգուշացեք նրանից, ով համբերատար է։ Որքան դժվար է զայրույթ հրահրել, այնքան ուժեղ ու երկարատև այն կլինի»:

 

Սկզբնաղբյուր՝ The Telegraph
Թարգմանությունը՝ Sport Times.am-ի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում